Թալիբները ՄԱԿ-ին խնդրել են պարենային օգնություն ցուցաբերել Աֆղանստանին
«Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Մուհամադ Աբաս Ստանեկզայը Դոհայում հանդիպում է ունեցել Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեւիդ Բիսլիի հետ եւ նրա հետ քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաեւ ստեղծված իրադրությունը:
«Երկու կողմերը նաեւ քննարկել են այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջեւ, հավելելով, որ Պարենավորման համաշխարհային ծրագիրը պետք է անհապաղ օգնություն ցուցաբերի Աֆղանստանի բնակչության չքավոր խաղերին»,- օգոստոսի 27-ին հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը:
Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ղեկավարին հավաստիացրել է անվտանգության ու համագործակցության հարցում եւ նրանց շնորհակալություն հայտնել հումանիտար օգնության համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել էր 10 միլիոն աֆղանցի երեխաների մասին, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն: Այնտեղ մտահոգություն են հայտնել, որ այս տարի 10 միլիոն երեխաներից շուրջ մեկ միլիոնը կարող է հայտնվել սովի պայմաններում եւ, չստանալով անհրաժեշտ բուժում, մահանալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: