«Ճանապարհներն այս պահին փակ են, բանակցությունները որևէ արդյունք չեն տվել». Գևորգ Փարսյան

Թշնամին օգոստոսի 25-ի երեկոյան փակել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հաջորդ առավոտյան՝ Գորիս-Որոտան ճանապարհը, այս պահին մի քանի գյուղ գտնվում են շրջափակման մեջ։ Արդեն երկու օր է՝ ճանապարհները բացելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում։

168.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։

«Ճանապարհներն այս պահին փակ են, բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Իմ տեղեկություններով՝ բանակցությունները պետք է շարունակվեն։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերը»,- նշեց Գևորգ Փարսյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզում հայկական տեղանուններն ադրբեջաներենով փոխարինելու հանգամանքին, Գևորգ Փարսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ասածները դեռևս չի լսել.

«Ժամանակ չի եղել Կառավարության նիստին հետևելու համար, զբաղված եմ»,- նշեց Կապանի համայնքապետը։

Նշենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում ճանապարհների փակմանը, նշեց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի իր ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը։

«Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից՝ մեզ ամուր  նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի  ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս