Բաժիններ՝

Իսրայելի առողջապահության նախարարությունը գնահատել է Pfizer-ի երրորդ ներարկման արդյունավետությունը

Pfizer-ի երրորդ ներարկումը 95 տոկոսով կանխում է կորոնավիրուսով վարակվելը եւ 97 տոկոսով՝ լուրջ ախտանշանների զարգացումը վարակման դեպքում: Այդ մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12 ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

«Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երրորդ պատվաստումից մեկ շաբաթ անց վարակումը կանխելու արդյունավետությունն աճում է մինչեւ 86 տոկոս, իսկ 16 օր անց՝ մինչեւ 95 տոկոս: Այդ ժամանակաշրջանում նաեւ զգալիորեն բարելավվել են վիրուսի հետ կապված լուրջ ախտանշաններից խուսափելու շանսերը. 97 տոկոս արդյունավետությունը շատ կարեւոր վիճակագրություն է, որը կարող Է նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը»,- ասվում է 12 հեռուստաալիքի հրապարակման մեջ:

Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, որը հրապարակվել է օգոստոսի 25-ին, Իսրայելում երրորդ ներարկումն արել են 1 միլիոն 673 հազար քաղաքացու:

Իսրայելն օգոստոսի 24-ից սկսել է 30-ից բարձր տարիքի անձանց պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, ավելի վաղ երրորդ ներարկումն սկսել են անել երկրի 40 եւ ավելի բարձր տարիքի բնակիչներին: COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստումն Իսրայելում սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին:

Երկրի քաղաքացիներին պատվաստում են Pfizer պատվաստանյութով: Հունվարի 10-ից պատվաստվածները սկսել են ստանալ երկրորդ չափաբաժինը:

12-15 տարեկան դեռահասների պատվաստումն Իսրայելում մեկնարկել է հունիսի սկզբին: Իսրայելում երկու ներարկումներն ստացել է ավելի քան 5,45 միլիոնը, մեկ չափաբաժնով պատվաստվել է ավելի քան 5,9 միլիոն քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս