«Պարտված, ստորացված ղեկավարն ասում է՝ բերելու եմ խաղաղության դարաշրջան». Քրիստինե Վարդանյան

«Հայաստանը հիմա ունի մի իշխանություն, որը եկել և խոստանում է, ոչ ավել, ոչ պակաս, տարածաշրջանային խաղաղության դար: Որ հասկանաք, թե սա ինչ վերամբարձ, անիրական և Հայաստանի հետ կապ չունեցող բան է, դուք պետք է հասկանաք, որ մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, այստեղ ընդհանրապես դժվար է կանխատեսել առաջիկա մի տարին, մի քանի ամիսը, ուր մնաց՝ դարաշրջանի մասին խոսել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Սա ամենաթեժ տարածաշրջանն է ամբողջ աշխարհում: Ու հիմա պարտված, ստորացված, սեփական սահմաններն ինքնուրույն պաշտպանել չկարողացող պետության ղեկավարը փաստացի կանգնում ու ասում է՝ բերելու եմ խաղաղության դարաշրջան: Այս համազգային ամոթի ժամանակաշրջանում է, որ, այո, թշնամին ինչպես և որքան կարողանում է՝ փորձում է օգտվել, որովհետև Հայաստանում իշխանության է պարտության կուսակցությունը, որովհետև Հայաստանի դե ֆակտո ղեկավարն այն մարդն է, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը չի կարող հակադարձել թշնամուն: Ես կերազեի, որ ինքը և իր թիմն ընդդիմադիրների հետ խոսելու իրենց տոնով թշնամիների հետ խոսեին»,- ասաց նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանում պատերազմից մեկ տարի անց դեռևս հանրային և քաղաքական դիմադրություն ձևավորված չէ, և իշխանությունն ազդակներ չի ստանում, որ երկրում կատարվողի հետ հանրությունը հաշտ չէ:

Դիտարկմանը՝ Ալիևն ասել էր, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը սիրում է կրկնել, որ իրենց են ընտրել և, հետևաբար, իրենց բոլոր գործողություններին կողմ են, նա արձագանքեց. «Այո, զարմանալիորեն Հայաստանի դե ֆակտո ղեկավարը և թշնամի պետության ղեկավարը նույն բանն են ասում: Հուսամ և հավատում եմ, որ երկուսին էլ հիասթափություն է սպասվում: Նիկոլ Փաշինյանին պարզապես հաջողվել է մեկ անգամ էլ խաբել ժողովրդին, խնդրել մանդատ՝ սխալներն ուղղելու համար, մինչդեռ դրանով նա նոր սխալներ կգործի: Այստեղ միայն տեղին է հիշեցնել, որ աշխարհում ընտրված հարյուրավոր ղեկավարներ իրենց ազգերին և պետություններին տարել են կործանման: Չնայած՝ ընտրությունների ամբողջ թոհուբոհով, լծակների կիրառումով հաղթել է ՔՊ-ն, պարտվել է Հայաստանի Հանրապետությունը: Եթե այդ գինը պատրաստ էին վճարել, ավել բան չկա ասելու: Չեմ հոգնում կրկնել, որ այս իշխանությունների ծրագրերի և բնույթի մասին ավելի շատ խոսում է նոյեմբերի 9-ից հետո իրենց պահվածքը՝ մնալ իշխանության և սկսել արդարացնել այն ամենը, ինչ իրենք տվել են, կտրել բոլոր հույսերը՝ այդ ամենը վերադարձնելու, և այս մարդիկ դեռ իշխանության են ու հրաժարվում են իշխանությունից հեռանալ»:

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին, հետևյալն է ասել. «Տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին: Մենք պաշտոնապես ասում ենք՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»: Փաշինյանը ադրբեջանական կողմին կոչ արեց  հիմնավորումներ ունենալու դեպքում տեղեկությունները փոխանցել ՀՀ-ին, որ այստեղ կարողանան հետաքննել ու պարզել իրողությունը: Նաև մատնանշեց այլընտրանքային գրունտային ճանապարհը:

Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ համարժե՞ք է Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի գործողություններին:

«Եթե Նիկոլ Փաշինյանի անունը չկարդայիք, կկարողանայի՞ք գուշակել, որ սա հայկական պետության ղեկավարի հայտարարություն է: ՀՀ քաղաքացու ո՞ր շահերն է պաշտպանում այս հայտարարությունը, ո՞ր իրավունքներին է անդրադառնում, ո՞նց է սանձում թշնամական պետությանը: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է եղել. Եկել են՝ շրջափակել են մեր հայրենակիցներին, ասում են, որ հաց տեղափոխող մեքենան միայն ռուսական զորքի մեքենայի ուղեկցությամբ կարող է անցնել այդ ճանապարհով: ՀՀ հազարավոր քաղաքացիներ, ովքեր գուցե նաև իրեն են ընտրել, ու հիմա ՀՀ դե ֆակտո ղեկավարն ասում է՝ գիտե՞ք՝ կա մի հատ ուրիշ ճանապարհ, մի ձև գլխներիդ ճարը տեսեք: Ինչքա՞ն ժամանակ է, որ այս ճանապարհին ունենք այս վիճակը, էլի նախկիննե՞րն են մեղավոր: Ամենայն հավանականությամբ, այս լարումն էլ նրա համար է, որ հետո գան և ասեն՝ գիտե՞ք, եթե չեք ուզում, որ նման բան էլի լինի, եկեք գնանք խաղաղության դարաշրջանի, կոմունիկացիաների ապաշրջափակման ճանապարհով: Մենք էլ զիջելու տեղ էլ չունենք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս