ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական ակտի սպառնալիքի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական ակտի սպառնալիքն օրեցօր աճում է, խոսքը իրական, այլ ոչ թե տեսական վտանգավորության մասին է: Այդ մասին նա հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում:
«Մի կողմից՝ մենք կցանկանայինք որքան կարելի է ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ մարդ դուրսբերվի: Սակայն… եթե մենք մնանք օգոստոսի 31-ից հետո, հատկապես եթե թալիբները մեզ գոնե ինչ-որ լուռ համաձայնություն չտան, ապա կմեծանա գրոհների սպառնալիքը»,- կարծում է Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ այժմ Քաբուլում ընթանում է պատմության մեջ տարհանման ամենախոշոր գործողություններից մեկը: Նրա խոսքով՝ ռազմական գործընթացն ավարտվելուց հետո ՆԱՏՕ-ն կշարունակի ջանքերը առեւտրային չվերթներով տարհանման ուղղությամբ եւ թալիբներից կպահանջի բացել ցամաքային ուղիները: Ստոլտենբերգը հավելել է, որ ամենադժվարը տարհանման ժամանակ մարդկանց օդանավակայան հասցնելն է, քանի որ հարակից տարածքը եւ ամբողջ երկիրը գտնվում են թալիբների հսկողության ներքո:
Ներկայում բոլոր ցամաքային սահմանային անցումներն Աֆղանստանից վերահսկվում են թալիբների կողմից: Օտարերկրյա աշխատակիցների եւ արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում է Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով, որը հսկում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները: Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն ամերիկացիների համար տարհանման ժամկետը երկարաձգել օգոստոսի 31-ից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: