Բաժիններ՝

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերին երեք հանդիպումներ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար, որտեղ կան մի շարք փոփոխություններ։

Առաջին աչքի ընկնող փոփոխությունը, իհարկե, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձն է։ Հենոն երկար ժամանակ բացակայում էր հավաքականից՝ նախ նա վնասվածք ուներ, հետո էլ մարզիչը չէր հրավիրել նրան ընկերական խաղերին՝ այլ ֆուտբոլիստներ փորձարկելու համար։

Մարզիչը Հենրիխին նշել է՝ որպես հարձակվող, բայց կարծում է, որ նա կարող է խաղալ բոլոր դիրքերում։

Մեծ հարցականի տակ է նաև հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասնակցությունը առաջիկա խաղերին։ Յուրչենկոն վնասվածք ունի։ Մարզիչը նշում է, որ Յուրչենկոն հիմա բժիշկների ձեռքերում է և 100 տոկոս պատրաստ լինելու դեպքում կմասնակցի հանդիպումներին։

Այա անգամ հավաքական չի հրավիրվել Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նրան հավաքական չհրավիրելը կապված է ոչ թե ֆուտբոլիստի մարզավիճակի, այլ Արգենտինայում կորոնավիրուսի տարածվածության հետ։ Հիշեցնենք, որ Նորբերտոն խաղում է «Բոկա Խունիորսում», որտեղ երեկ խփել է իր առաջին գոլը։ Ֆուտբոլիստը, ըստ Արգենտինայի օրենքների, հավաքական հրավիրվելուց հետո պետք է անցներ 14-օրյա կարանտինային ռեժիմի, այդ իսկ պատճառով մարզչական շտաբն ավելի նպատակահարմար է գտել նրան չհրավիրել հավաքական։

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան  Արտյոմ Ավանեսյանը և ռուսական «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը։ Մարզչի խոսքով՝ այս ֆուտբոլիստներն ապագայի համար չեն և կարող են օգնել թիմի առաջիկա կարևոր խաղերում։

Երկարատև դադարից հետո հավաքական է վերադարձել Հրայր Մկոյանը, ում, Կապառոսի խոսքով, հավաքականում, երկար ժամանակ է՝ հետևում են։ Մարզիչը կարծում է, որ առաջիկա խաղում Մկոյանը կարող է լավ փոխարինել Վարազդատ Հարոյանին, ով որակազրկված է։ «Տարիքը կապ չունի։ Նա նվաճել է հավաքականում լինելու իրավունքը վիճակագրությամբ և իր անցկացրած խաղերի թվով»,- նշում է հավաքականի գլխավոր մարզիչը։

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝

Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ», Անատոլի Այվազով – «Ուրարտու», Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»։

Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա), Արման Հովհաննիսյան – «Փյունիկ», Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Հրայր Մկոյան – «Արարատ», Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան), Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան), Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան), Արշակ Կորյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան), Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա», Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա», Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա», Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Հարձակվողներ՝ Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), Իշխան Գելոյան «Բալթիկա» (Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով)՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին՝  ժամը 22:45-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս