«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի»․ ՔՊ–ական պատգամավոր
Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս պահին եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:
«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի», – հաղորդեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ հավելելով, որ առայժմ այլ տեղեկություններ չկան:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե նշված տարածքի հարակից գյուղերի բնակչությանը տարհանում են:
«Երեկ երեկոյան տարհանել են ճանապարհին գտնված մեքենաները: Բայց մամուլը գրել է, որ հարակից գյուղերի բնակչությանն են տարհանում: Ես դա հերքել եմ», – ասաց Ղահրամանյանը: