Սյունիքում միջպետական ճանապարհը փակած ադրբեջանցիները հայկական կողմի հետ չեն բանակցում. Պահանջում են հանդիպել ռուսական կողմին. Փոխմարզպետ
Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսելու փորձն ապարդյուն է եղել։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ փորձել է հանդիպել Սյունիքի մարզպետի տեղակալ Կամո Ավանեսյանը։
Վերջինս «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ադրբեջանցիները հայկական կողմի հետ հանդիպել չեն ցանկանում՝ նշելով, որ միայն ռուսական կողմի հետ են բանակցելու։
«Հակառակորդի հետ չկարողացանք հանդիպել։ Չեն ուզում մեր հետ հանդիպել, ռուսների հետ ենք հանդիպել, ասել են այսօրվա մեջ անպայման կբացվի»։
Խոսելով նման միջադեպերի շարունակականության և այլընտրանքային ճանապարհների մասին, փոխմարզպետը նշեց, որ մի քանի ճանապարհ կա՝ Բարձրավանից դեպի Տանձավեր, Շուռնուխից ևս այլ ճանապարհ կա, բայց աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել, քանի որ այս պահին միայն «պերեդոկով»՝ «Վիլիս», «Ուազ» մեքենաների համար են հարմար։ Խոստացավ, որ կանդրադառնան այդ ճանապարհներին։
«Այսօրվա դրությամբ ճանապարհը բացվելու է։ Բանակցություններն այնպես են ընթանում, որ այսօր անպայման բացվելու են ճանապարհները»,- վստահեցրեց փոխմարզպետը։
Այսօր առավոտյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:
Շուռնուխի համայնքապետ Հ.Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին մարզկենտրոնի (Կապանի-խմբ.) հետ կապը կտրված է։
Ավելի ուշ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ ադրբեջանական զինծառայողներն այսօր փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։