«Այստեղ խնդիրն այն է, որ համայնքապետը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանին համարում է լավ ու կարևոր քաղաքական գործիչ, և ընտրություններում սատարել է նրան․․․». Դավիթ Դանիելյան

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ավագանու 8 անդամ իրենց լիազորությունները վաղաժակետ դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել։

Օրեր առաջ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ավագանու անդամների հրաժարականների վերաբերյալ օգոստոսի 11-ին կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղարկվել մարզպետարան։ Նա նաև ասել էր, որ Կապանում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ։

Ըստ մամուլի, իշխանությունները ցանկանում են հասնել նաև Գևորգ Փարսյանի հրաժարականին, որպեսզի Կապանում համայնքապետ նշանակեն իրենց թիմակիցներից մեկին։ Այդ հրապարակումների համաձայն՝ իշխանությունը նաև գտել է թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, որը Կապանից է։

168.amԴավիթ Դանիելյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իշխանություններից Կապանի համայնքապետ դառնալու առաջարկ ստացել է։

«Նախ, ապագա համայնքապետին ընտրելու է ժողովուրդը, չենք կարող ասել՝ ապագա համայնքապետն ով է լինելու։ Կապանի համայնքապետի մասով հրաժարականի խոսք չկա, այստեղ ավագանին է հրաժարական տվել, և սպասվում է ավագանու արտահերթ ընտրություններ։ Ինչ վերաբերում է  ինձ, ապա որոշակի քննարկումներ են եղել, բայց քանի դեռ հստակություն չկա, չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Դավիթ Դանիելյանը։

Հարցին՝ այն, ինչ կատարվում է Կապանի համայնքապետարանում, տրամաբանակա՞ն է համարում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տրամաբանական է համարում, քանի որ այն քաղաքական մոտեցումները, որոնք համայնքապետն իրականացրեց և հայտարարություններն արեց ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, և արդյունքները, որը գրանցվեց ընտրություններից հետո, բնական է, որ որոշակի հակասություններ կառաջացնեին։

«Եթե չեմ սխալվում, ավագանու 15 անդամներից 13-ը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և դրա արդյունքում հակասություններ առաջացան, որը, կարծում եմ՝ օրինաչափ է»,- հավելեց պատգամավորը։

Հարցին՝ Կապանի համայնքապետի պաշտոնում իրեն պատկերացնո՞ւմ է, Դավիթ Դանիելյանը պատասխանեց. «Անկեղծ, այո»։

Իսկ արդյո՞ք արդարացված չէր Կապանի համայնքապետի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, երբ տեսնում է, թե ինչ դիրքեր է զբաղեցրել Ադրբեջանը Կապանում, ադրբեջանական դրոշներն ինչպես են այնտեղ ծածանվում։

«Կարծում եմ՝ ավելի արդարացված կլիներ, եթե համայնքապետի պահանջը ոչ թե լիներ փողոցային պայքարի դաշտում, այլ կառավարության հետ կլոր սեղանի շուրջ բանակցելու, ինչո՞ւ չէ, աջակցելու ու ձեռք մեկնելու ճանապարհով լիներ։ Սա ես ավելի արդյունավետ եմ համարում։ Այստեղ խնդիրն այն է, որ համայնքապետը հայտարարել է, որ նա Ռոբերտ Քոչարյանին համարում է, եթե չեմ սխալվում՝ լավ ու կարևոր քաղաքական գործիչ, և ընտրություններում սատարել է նրան, իսկ արդյունքն այլ էր, և համայնքի բնակիչները 2018 թվականին ըստ էության ընտրել են ոչ կուսակցական համայնքապետի, սա պետք է արձանագրենք։ Իսկ համայնքապետը 5 տարին չլրացած՝ զբաղվեց քաղաքական գործունեությամբ, որը համայնքի բնակիչների մոտ նույնպես դժգոհություն է առաջացրել»,- եզրափակեց Դավիթ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս