«Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։
Միաժամանակ Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։
Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։
Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»։