Բաժիններ՝

Ես կարոտել էի շախմատին, դրա համար էլ հաղթեցի. Էլինա Դանիելյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանը վերջին հաջողությունը կապում է նրա հետ, որ ինքը կարոտել էր շախմատին` քովիդով պայմանավորված դադարից ելնելով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Դանիելյանը: «Չգիտեմ, թե ինչպես այսպես ստացվեց այս տարի, գուցե նրանից է, որ կարոտել եմ շախմատը, նրանից էր, որ մեկ ու կես տարի ոչ մի մրցաշար չունեինք, և ես կարոտել էի շախմատը»,-ասաց նա:

Ըստ Դանիելյանի, մրցաշարի առաջին հատված ինքն արդեն իսկ հաջող պարտիաներ էր անցկացնում, և բնական է, որ մրցաշարի երկրորդ հատվածն ավելի բարդ ստացվեր: «Մրցաշարի երկրորդ հատվածում ավելի նյարդային էի գործում: Եվ, հատկապես, վերջին երկու պարտիաները ամենադժվարն էին ինձ համար: Դժվար էին ոչ թե շախմատային տեսանկյունից, այլ հոգեբանորեն, քանի որ արդեն հասկանում էի, որ մոտ եմ Եվրոպայի առաջնության չեմպիոնությանը»,-շեշտեց շախմատիստուհին:

Ամփոփելով Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանն առանձնացրեց, որ թե հավաքականի անդամների և թե մյուս մասնակիցների համար բավականին հաջող ստացվեց: «Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, ինչը, իմ կարծիքով, մեր շախմատիստների համար շատ լուրջ արդյունք է: Իսկ ինչ կապված է Էլինա Դանիելյանի արդյունքին, ապա իրեն էլ միշտ ասել եմ, որ խանգարում էր զգացմունքային խաղը: Իսկ այս մրցաշարում չեղավ էմոցիոնալ խաղ, և դրա համար էլ պարտություն չունեցավ ոչ մի պարտիայում»,- ասաց մասնագետը:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր: Դանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում:

Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս