Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է նշված համայնքի առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները և գույքը, կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր:
Մասնավորապես՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հաստատապես տեղյակ լինելով, որ եղբայրը՝ համայնքապետարանի նախկին հաշվապահը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. ներառյալ բացակայել է ՀՀ-ից և աշխատանքի չի հաճախել, վերջինիս անվամբ փաստացի ելքագրել է աշխատավարձի գումարներ և հանձնել նրա ընտանիքի անդամներին:
Բացի այդ, համայնքի ղեկավարը 2012թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքապետարանի հաշվապահի անվամբ ելքագրվելիք աշխատավարձը ձևակերպել է համայնքապետարանում նշված ժամանակահատվածում որևէ հաստիք չզբաղեցրած անձի անվամբ, իսկ որպես աշխատավարձ փաստացի ելքագրված գումարը` յուրացման եղանակով հափշտակել:
Այնուհետև, վատնման և յուրացման եղանակով համայնքի դրամական միջոցները հափշտակելու դրդումներով, համայնքի նախկին ղեկավարը կազմել և շրջանառության մեջ է դրել իրավաբանական փաստեր հավաստող և իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնեական փաստաթղթեր՝ աշխատավարձերի վճարման տեղեկագրեր, որոնցում ստորագրել է վերոհիշյալ անձանց անվան դիմաց և այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնեական փաստաթղթերում, թե, իբր, որպես աշխատավարձ ելքագրված գումարները վճարվել են վերջիններիս, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել ու շրջանառության մեջ է դրել կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի վճարման հիշյալ տեղեկագրերը:
Շարունակելով գույք հափշտակելու իր մտադրության իրականացումը` համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. ընթացքում համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի միջոցներից անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու հարցը և համայնքի ավագանու դրական որոշման առկայության պայմաններում համայնքի բյուջեից համայնքի անապահով բնակիչների անվամբ, որպես միանվագ դրամական օգնություն, ելքագրել է գումարներ, որոնք չի փոխանցել նշված անձանց և յուրացման եղանակով հափշտակել դրանք:
Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված թվով 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Արդյունքում, համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում միասնական հանցավոր մտադրությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.080.325 ՀՀ դրամ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին