
Ճապոնիայում դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը խառնուրդների պատճառով

Ճապոնիայի առողջապահության նախարարությունն օգոստոսի 26-ին հայտարարել է, որ մի քանի ԶԼՄ-ներից հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ Իսպանիայում COVID-19-ի դեմ արտադրվող Moderna Inc. պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ: Այս մասին օգոստոսի 26-ին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Խառնուրդների մասին հաղորդագրություններն ստացվել են պատվաստման ութ կենտրոններից, որոնք գտնվում են Այթիի, Գիֆուի, Իբարակիի, Սայտամայի եւ Տոկիոյի պրեֆեկտուրաներում: Կողմնակի նյութերը հայտնաբերվել են 39 սրվակներում:
Takeda Pharmaceutical Co. դեղամիջոցների ճապոնական արտադրողը, որը պատասխանատու է երկրում Moderna պատվաստանյութի վաճառքի եւ տարածման համար, հայտարարել է, թե որպես նախազգուշական միջոց դադարեցնում է շուրջ 1,63 միլիոն չափաբաժնի օգտագործումը: Նախարարության տվյալներով՝ Moderna ընկերությունը խոստացել է հետաքննություն սկսել այս հարցով:
Takeda Pharmaceutical Co.-ն կոչ է արել բժշկական հաստատություններին եւ մյուս կազմակերպություններին՝ չօգտագործել Moderna պատվաստանյութը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: