«Իշխանության և նրա հենարանների չարչիա-գեղջկական անպտուղ «ոգին» սպանում է հայության կենսունակությունը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր երկրում և համայն հայության մեջ ամեն բան մանրացել ու արժեզրկվել է։

Արժեզրկվում է նույնիսկ մարդկային տարրական հարգանքն ու դաստիարակությունը։ Այսպես ապրել այլևս անկարելի է։

Իշխանության և նրա հենարանների չարչիա-գեղջկական անպտուղ «ոգին» սպանում է հայության կենսունակությունը։

Հայը՝ որպես տեսակ, աստիճանաբար վերածվում է անարժեք, մշակութազուրկ, լեզուն և ինքնությունը կորցնող, հոգևորից կտրված, երազանքներից զրկված, Հայրենիքի շունչը չգիտակցող, կորուստը չտեսնող, կուրացող և անտարբեր հանրույթի։

Մենք կորցնում ենք ոչ միայն Աստծուց ավանդած և պապերից ժառանգած մեր հողատարածք-Հայրենիքը, այլ նաև մեր ներսի «Հոգևոր Հայաստանը»։ Մենք կորցնում ենք ոչ միայն մեր հավաքական «ՄԵՆՔ»-ը, այլ նաև «ԵՍ»։

Մենք կորցնում ենք հերոսանալու, հպարտանալու, ձգտելու, պայքարելու, վերածնվելու, արարելու, կերտելու, համախմբվելու, հիանալու, բռունցքվելու, կառուցելու և պաշտպանելու ներքին մղումները։

Փոխարենը՝ մենք ձգտում ենք խաբել, ինքնախաբվել, խուսափել, անտեսել, լռել, համակերպվել, փախնել, թաքնվել, հանձնվել, հուսալքվել, մեղադրել, քննադատել, ձևացնել, աչք փակել։ Եվ անդադար՝ ինքնարդարանալ ու սպասել։ Թե ու՞մ ենք սպասում և ինչի՞ն՝ մենք էլ չգիտենք։

Հայ ազգին նոր, ինչ-որ տեղ խիզախ, ընդգրկուն և հավաքական գաղափար(ներ) են պետք։ Դրանցով՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈւՌՔ եռամիասնությունը պետք է վերածնվի, պետք է զինվի նորովի ապրեցնող նպատակներով։

Այսօրվա Հայն իրավունք չունի ապրելու միայն այսօրով, ավելի ճիշտ՝ օրը մեռցնելով։ Հայը պետք է ապրի, գործի, մտածի, ստեղծի, արարի, երազի և կառուցի իր ծոռան Հայաստանը։ Կառուցի իր Հայաստա՛նը, ոչ թե Ֆրանսիան, Ամերիկան, Ռուսաստանը, Բելգիան կամ Գերմանիան։

Նիկոլի սպանած Հայն իրավունք չունի մահանալու, առավել ևս՝ իրավունք չունի ինքնասպանության գնալու։

Հայը պետք է ապրի, և ապրի իր Հայրենիքում, այսինքն՝ Հայաստանում և Արցախում։ Առանց սեփական Հայրենիքի՝ այլ տեղերում ապրող Հայի թոռներն այլևս Հայ չեն լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս