Կյանքից զրկելու դիտավորությամբ վրաերթի էր ենթարկել համաքաղաքացուն
Օգոստոսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի տղամարդ:
Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում մասիսցի 20-ամյա երիտասարդը իր վարած «Վոլվո-S80» ավտոմեքենայով, կյանքից զրկելու դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն և դիմել փախուստի:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի հատկանիշներով։
Մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված ծավալուն միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
«Վոլվո-S80» ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն: