«Արդյո՞ք կառավարության ծրագրում ներկայացված հարևանների հետ խաղաղություն հաստատելու գինն այդ կետերն են, որոնք հանվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը».  խոսքը կապիտուլացիոն համաձայնագրին է վերաբերվում:

Սա միանշանակ պետք է դիտարկել որպես ՔՊ կուսակցության և գործող իշխանության պաշտոնական հայտարարություն: Ակնհայտ է դառնում, որ մինչ ստորագրելը թշնամու կողմից առաջադրվել են ավելի ծանր պայմաններ: Տեսնելով կապիտուլյանտի վախերն Ալիևից ու վերլուծելով վերջին 8 ամիսներին տեղի ունեցած զարգացումները ակնհայտ է դառնում, որ այդ պայմանները ոչ թե մերժվել են, այլ հետաձգվել:

Ուստի՝ անհրաժեշտ եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը վաղը բոլորիս տեղեկացնի.

1) ինչ պայմաններ են եղել առաջադրված փաստաթղթում, որն իր ստորագրելուց առաջ հանվել են,
2) որքա՞ն ժամանակ է նա խնդրել այդ կետերի հետաձգման համար,
3) արդյո՞ք այս պահին չի ստորագրել լրացուցիչ փաստաթուղթ, որը հաստատել է այն կետերը, որոնք հետաձգվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից,
4) արդյո՞ք կառավարության ծրագրում ներկայացված հարևանների (այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի) հետ խաղաղություն հաստատելու գինն այդ կետերն են, որոնք հանվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

Եթե իսկապես եղել են այդպիսի կետեր, որոնք հանվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դրանք իսկապես հանվել են, ոչ թե հետաձգվել, ապա վաղը Փաշինյանը կհրապարակի այդ կետերը: Հակառակ դեպքում՝ ակնհայտ կդառնա, որ թվարկածս 4 հարցերն ունեն ոչ հայանպաստ պատասխաններ:

Եթե չեն եղել հանված կետեր, ապա Փաշինյանը Հովիկ Աղազարյանի հայտարարությանը պետք է տա քաղաքական գնահատական»:

Տեսանյութեր

Լրահոս