ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է 88 հազար մարդու
Միացյալ Նահանգներն օգոստոսի 14-ից ի վեր Աֆղանստանից տարհանել է շուրջ 88 հազար մարդու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Հենք Թեյլորը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչներՆ օգոստոսի 15-ին մտել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ և առանց մարտերի վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ: Հաջորդ օրը պաշտոնապես թալիբները հայտարարել էին, որ երկրում պատերազմն ավարտված է, Աֆղանստանի կառավարման ձևը կհստակեցվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ներկայում երկրում բոլոր ցամաքային անցակետերը թալիբների վերահսկողության տակ են: Օտարերկրյա քաղաքացիների կամ արտերկրյա առաքելությունների համար աշխատող աֆղանցիների տարհանումն իրականացվում է Քաբուլի միակ օդանավակայանի միջոցով, որը վերահսկում են ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականները: Թալիբները հայտարարել են, որ ԱՄՆ քաղաքացիների տարհանման նպատակով ամերիկյան կողմի համար օգոստոսի 31-ից հետո չեն երկարացնելու ժամկետը: