«Եթե ունեք փաստարկներ, որ հողատու չեք, ապացուցեք, ոչ թե աքացիներով պատասխանեք». Կարինե Նալչաջյան
«Զարթոնք» կուսակցության անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ երկրում առկա ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև օրըստօրե խորանում է:
«Ես լուրջ մտավախություն ունեմ, որ մենք ընդհանրապես կառավարման կոլապսի առջև կարող ենք կանգնել: Ի՞նչ հաղթահարման մասին է խոսքը, ոչինչ չի հաղթահարվել: Արդեն ԱԺ-ում տեղի ունեցող նման երևույթների ենք ականատես լինում, ինչի՞ մասին է խոսքը: Այն, ինչ կատարվում է խորհրդարանում, և ընդհանրապես՝ երկրում, ես համարում եմ նորմալ՝ ոչ նորմալ պայմանների համար: Արդեն 3 տարուց ավելի է՝ այնպիսի իրադրություն է երկրում, որ այս ամենը սպասելի էր, այսինքն՝ ճգնաժամը գնալով խորանում է: Ոչ նորմալ իրավիճակում ենք մենք ապրում, մեր երկիրը կառավարվում է ոչ նորմալ ձևով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հոգեբանի խոսքով՝ խորհրդարանում նման պահվածքը սպասելի էր. «Մենք շատ լավ ծանոթ ենք երկրի ղեկը իրենց ձեռքը վերցրած մարդկանց և՛ ինտելեկտուալ, և՛ բարոյական մակարդակին, և՛ դաստիարակվածության աստիճանին. այլ բան հնարավո՞ր է սպասել: Այնպիսի տպավորություն է, որ այստեղ անձնական հարցեր լուծելու փողոցային տարածք է, մենք միայն ընդդիմության կողմից ենք մտահոգություն տեսնում, իսկ իշխանության մեջ ընդամենը տեսնում ես, որ այն ձևերը, որոնք ժամանակին իրենց համար ընդունելի են եղել, հիմա նույնիսկ դրան մոտ ինչ-որ մի բան չկա, խոսքից զրկում են պատգամավորներին: Մենք չենք կարող մոռանալ դագաղների շքերթը, ԱԺ-ում գունավոր ծխարձակումները, չէ՞ որ դա իրենք էին, հիմա ինչ է՝ մոռացե՞լ են երեք տարի առաջվա իրենց գործողությունները, պահվածքը, և հիմա ի՞նչ են սպասում, մանավանդ այն դեպքում, երբ երկիրը տարել են կործանման»:
Հարցին՝ ինչո՞ւ է իրավիճակը ԱԺ-ում հատկապես լարվում, երբ այնտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանն այդպիսի մարդ է: Ոչ միայն ԱԺ-ում, այլ առհասարակ բոլորս գիտենք, որ շատ մարդիկ ասում են՝ նայել չեմ կարող, տեսնել չեմ կարող, լսել չեմ կարող, նյարդերս արդեն չեն դիմանում: Գուցե նաև այդ մթնոլորտն է մարդը ստեղծում իր շուրջը: Բացի այդ՝ պետության առջև դրված լուրջ հարցերը լրջորեն քննարկելու փոխարեն, հիշեցնում է փողոցի մանկամիտ երեխաների դիրքորոշում, մոտավորապես այս տարաբանությամբ՝ ты сам такой: Այս միջադեպերը ձեռնտու են այս իշխանություններին, որովհետև իրենց հիմնական նպատակը առաջին իսկ օրից եղել է երկրում քաոս ստեղծելը: Հիմա, ոչ ավել, ոչ պակաս, քաոս է երկրի օրենսդիր մարմնում: Այսինքն՝ սա այն է, ինչ հարկավոր է այն ուժերին, որոնց հայ ժողովրդի գոյությունը խանգարում է: Սա ձեռնտու վիճակ է թշնամական ուժերի համար»:
Անդրադառնալով իշխանությանը տրվող գնահատականներին, նա նկատեց. «Ընդդիմությունն ասում է՝ հողատու, եթե ունես փաստարկներ, որ դու հողատու չես, այդ փաստարկները բեր, ապացուցիր, որ զրպարտում է, և նույնիսկ քո աֆեկտը մենք կներենք: Եթե դուք իսկապես հայրենիքի հողերը ոչ մի բանի նման հանձնել ես… ասում էին, չէ՞, ամայի տարածքներ են. միայն ամայացած ուղեղը կարող է հայրենիքի մասին այդպես ասել, մեր ծաղկող Շուշին դժգույն ու դժբախտ էր, իսկ գուցե Տավո՞ւշն էլ է դժգույն ու դժբախտ, սա ի՞նչ տրամաբանություն է: Այնպես որ, եթե ձեզ տրվում են կոնկրետ հարցեր, որը ձեր արժանապատվությունը վիրավորում է, որովհետև դուք էդպիսին չեք, լուրջ փաստարկներ բերեք, ոչ թե աքացիներով պատասխանեք»:
Ինչ վերաբերում է խաղաղության վերաբերյալ իշխանության խոստումներին, նա նկատեց. ««Եռաբլուրը» վկա՝ ամենախաղաղ տեղը գերեզմանն է լինում, մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն: Իսկ այն, ինչ իրենք են ներկայացնում, միամիտների համար. սա դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ, սա դեպի շատ ավելի մեծ արհավիրք տանող ճանապարհ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում