Համաշխարհային բանկը սառեցրել է Աֆղանստանի օգնության ծրագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցրել է Աֆղանստանի օգնության ծրագիրը՝ երկրում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը վերցնելուց հետո: 2020 թվականից ՀԲ-ն մոտավորապես 5,3 մլրդ դոլար է ուղարկել երկրի վերակառուցման եւ զարգացման ծրագրին՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) միջոցով, որն օգնում է աշխարհի ամենաաղքատ երկրներին:
2021 թվականի ապրիլի տվյալներով՝ IDA-ն 940 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 12 ակտիվ նախագծեր է ունեցել Աֆղանստանում: Բացի այդ, Աֆղանստանի վերակառուցման խնամառու հիմնադրամը՝ ՀԲ-ի հատուկ հիմնադրամը, երկրում 15 նախագծեր է իրականացրել, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է 1,2 միլիարդ դոլար:
Հաղորդագրության մեջ, որը ՀԲ-ի կողմից հրապարակվել է օգոստոսի 24-ին, նշվում է, որ կազմակերպությունն իրավունք չունի միջոցներ հատկացնել երկրին, եթե նրա կառավարությունն օրինական չի ճանաչվում ՀԲ-ի բոլոր 189 անդամ պետությունների կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: