
Դմիտրի Պեսկովը՝ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա անհամաձայնությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում և Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների հայտնած դիրքորոշումը, մենք դա բացարձակ սխալ ենք համարում: Մենք պատրաստ ենք և համբերությամբ լցված ՝ մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին հետագայում ևս բացատրելու, թե ինչպիսին է հարցերի իրական իրավիճակը»,- անդրադառնալով Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշել է Պեսկովը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել էր լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։