«Հետաքրքրվեք՝ Սարգսյան Հայկը որտե՞ղ է ծառայել, Գորի՞ս, Դատախազության շենքո՞ւմ, իր եղբայրը ծառայե՞լ է». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երկու միջադեպերին, վստահեցրեց, որ առավոտից արդեն պարզ էր, որ այն, ինչ տեղի ունեցավ, հստակ ծրագրված էր:

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ուղղակի փողոցային կռվի: Ելույթ ունեցողներից վրեժ ունեն լուծելիք, սուր քննադատությունները չեն ցանկանում լսել, այդ պատճառով էլ փորձում են նման քայլերի դիմել, բայց դահլիճում նստածներն այնպիսի կենսագրություն ունեն, որ նրանց մոտ որևէ սահմանափակում չի կարող լինել, այսինքն՝ մեր ձայնը չի լռելու»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Ըստ նրա, աբսուրդ է, երբ մեկը կանգնում ու խոսում է թալանից, մինչդեռ նրա ամբողջ ուղին՝ իր  հարազատներից սկսած, այդ թալանի մեջ է անցել:

«Ամենատխուրն ու ահավորն ինձ համար հայոց զինված ուժերի նկատմամբ նման սիստեմատիկ հարձակումն է, ամեն րոպե մեղադրել կոռուպցիայի մեջ: Անցնող երեք տարին այդպես արեցին, այդպես հեղինակազրկեցին և՛ հերոսներին,  և՛ հայոց բանակը, որից հետո հասցրեցին այս օրվան: Կոնկրետ գործընկերներս էին նկատել, որ միջադեպի ժամանակ կային մարդիկ, որոնք դերաբաշխում էին ստացել, անհնար էր այլ տարբերակ: Դերերը բաշխել են ելույթ ունենալուց սկսած՝ ցինիկ ելույթ ունենալ, հստակ երևում է: Երեկ նույն կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբեմն շրջանակներից դուրս էր գալիս, փաստարկներ չկար, և նա հունից դուրս էր գալիս, բառեր չկան նկարագրելու այն տգեղ երևույթը, որն այսօր կատարվում է ԱԺ-ում»,- հավելեց Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց, որ Հակոբ Արշակյանը դահլիճում նստած է, կարո՞ղ է հստակ ասել, որ հիմա բանակից մարդիկ չեն ազատվում, իհարկե ազատվում են և ավելի շատ բարձր գներով:

«Ես ասել եմ, որ այս քաղաքական թիմը մարդուն բանակից փողով չի ազատել, օրենք փոխելով է ազատել: Երեք տարի շարունակ ԱԺ նախագահի խորհրդականն էր Վահան Կոստանյանը, երեք տարի ասպիրանտ լինելու անվան տակ ծառայության չէր մեկնում: Դահլիճում նստածների կենսագրությունը նայեք, թե ինչպես բանակում չեն ծառայել, հիմա չքմեղանո՞ւմ են: Մի հատ հետաքրքրվեք, թե Սարգսյան Հայկը որտե՞ղ է ծառայել, Գորի՞ս, Դատախազության շենքո՞ւմ, ո՞նց եղավ, որ այդպես եղավ, իր եղբայրը ծառայե՞լ է»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս