Իշխանության հրահանգով ԱԺ նիստերի դահլիճից հանվել են ջրի շշերը, բաժակները և ալկոգելը
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո, իշխանությունը շատ արագ նիստերի դահլիճից հավաքել է բոլոր շշերը, այդ թվում՝ պլաստիկե բաժակներն ու ալկոգելը:
Ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ միջանցքից բաժակով ջուր տարան իրենց հետ նիստերի դահլիճ, նշելով, որ բոլոր շշերը դահլիճից տարել են:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանն ասաց, թե՝ արա, բայց քեզ հետ ո՞վ ա, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել:
Միջադեպից հետո մոտ մեկ ժամ ընդմիջում հայտարարվեց: