
Չինաստանում թերթաքարային նավթի խոշոր հանքավայր են հայտնաբերել

Չինական PetroChina էներգետիկական ընկերությունը (Չինական ազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկություն) թերթաքարային նավթի զգալի պաշարներ Է հայտնաբերել Դացինի նավթի խոշորագույն հանքավայրում, որը գտնվում է ՉԺՀ-ի Հույլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Թերթաքարային նավթի կանխատեսվող երկրաբանական պաշարները Դացին-Գուլունի հանքավայրում գերազանցում են 1,268 միլիարդ տոննան»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Weibo սոցցանցի պաշտոնական օգտահաշվում:
Հաղորդվում է, որ հանքավայրում պարզված հետախուզական հորատանցքերը ցույց են տվել կայուն փորձնական արդյունահանում օրական 30 խորանարդ մետր նավթի մակարդակով, այդ թվում՝ Guye հորատանցքում նավթի արդյունահանումն իրականացվել է ավելի քան 500 օր, իսկ նավթահումքի արդյունահանման միագումար ծավալը կազմել է ավելի քան 6000 տոննա:
«Հաջողվել է «մայրցամաքային» թերթաքարային նավթի արդյունահանման գործում կարեւոր ռազմավարական բեկման հասնել Սունլյաո ավազանում»,-նշել են ընկերությունում:
Դացինի նավթագազային հանքավայրը բացվել է 1959 թվականին. այսօրվա դրությամբ այն ՉԺՀ-ում խոշորագույն հանքավայրն է ավելի քան 5,7 միլիարդ տոննա նավթի եւ 1 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի երկրաբանական պաշարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: