Աննա Մկրտչյանին դատաբժշկի ուղեգիր չտվեցին, ասացին` գնացեք, կկապվենք ձեզ հետ. փաստաբան
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, նրանց ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով ու մասնակցությամբ, բիրտ ուժ կիրառելով` դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից, պատգամավորը հայտարարեց, որ ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա նաև ասել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին։
168.am-ի հետ զրույցում Աննա Մկրտչյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ իրենք ներկայացել են ոստիկանություն ու ներկայացրել հաղորդումը։
«Նման դեպքերում, մարմնական վնասվածքների առկայության պարագայում, երբ մարդը հանցագործության մասին հաղորդում է տալիս, որ մարմնական վնասվածքներ ունի, երկրորդ ուղղությունն առնվազն պետք է լինի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշում կայացնելը ու հետևելը, որ անձը անցնի համապատասխան բուժզննում։ Որևէ գործողություն չարեցին։ Միմիայն հաղորդում վերցրեցին։ Նույնիսկ բացատրություն չվերցրեցին, մանրամասներ չճշտեցին»,-ասաց փաստաբանը։
Վերջինս նշեց, որ իրենց ներկայացրած հաղորդման մեջ ինքն ուղղակի նշել է` խնդրում եմ հնարավորինս արագ, սեղմ ժամկետում անհապաղ նշանակել դատաբժշկական փորձաքննություն ու ապահովել Աննա Մկրտչյանի` համապատասխան փորձաքննության մասնակցությունը։
«Մինչդեռ դա իրենք պետք է անեին։ Մեզ ասացին` գնացեք, կկապվենք ձեզ հետ»,-ասաց Բենիկ Գալստյանը։