Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Փաշինյանի նկարի հետ, աշխատասենյակում պահում է նաև սրբապատկեր
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, խորհրդարան անցած իշխանական պատգամավորներն ամեն կերպ փորձում են իրենց հավատարմությունը ցույց տալ Նիկոլ Փաշինյանին և որպես դրա առհավատաչյա, պատգամավորները Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել են իրենց աշխատասենյակներում:
Հիշեցնենք, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, բազմիցս քննադատել է նախկին իշխանություններին և նրա ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատասենյակներում կախում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նույնպես Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել է աշխատասենյակի պատին, վստահեցնում է՝ առանց ցուցումների է այդ քայլն արել:
«Որևէ մեկը նման ցուցում չի տվել, չի էլ կարող տալ, թե իմ աշխատասենյակում ինչ պետք է լինի: Իմ աշխատասենյակում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նկարն է, նաև իմ ընկերների նկարն է, նաև սրբապատկեր կա: Որևէ մեկը չի կարող թելադրել, թե իմ սենյակում ինչ կարող է լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորներից որևէ մեկը Փաշինյանի նկարն աշխատասենյակում չէր փակցնում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում