Ո՞րն է հայաստանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի բացակայության պատճառը

Քաղաքացիներն ահազանգում են, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Լիլիթ  Բաբախանյանից փորձեցինք պարզել, թե որն է տվյալ պատվաստանյութերի բացակայության պատճառը, վերջինը պատասխանեց.

««Սպուտնիկ V»-ի երկրորդ դեղաչափը որոշ տեղեր հնարավոր է՝ չլինի, բայց անընդհատ վերաբաշխումներ ենք անում, որպեսզի լրացնենք բացը, մինչև հերթական խմբաքանակը կգա: Հիմա սպասում ենք մեր հերթին: Խնդիրն այն է, որ արտադրող կազմակերպությունից  է կախված, ոչ մեր երկրից. մենք վաղուց բանակցել, պայմանագիրը կնքել ենք, և հիմա սպասում ենք հերթական խմբաքանակին: Տեղեր կան, որ «Սպուտնիկ V»-ի և առաջին, և երկրորդ դեղաչափերն առկա են, և ամեն մեկն իր սպասարկման հարցերն է լուծում, դրա համար վերաբաշխումներ ենք անում: Քիչ քանակության մասին է խոսքը, ու գուցե լինեն դժգոհություններ»:

Ինչ վերաբերում է նրան, որ գուցե լինեն մարդիկ, ովքեր ««Սպուտնիկ V»-ի երկրորդ դեղաչափին են սպասում, արդյո՞ք ուշացումը չի վնասելու, ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետն ասաց, որ ոչ:

«21 օրը սկզբնաժամկետն է, այսինքն՝ ուշանալը առողջությանը վնաս չէ»,- նշեց նա:

Իսկ «Սինոֆարմ»-ի մասով բաշխումը, Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ՝ ընթանում է:

«Երևանում գրեթե ավարտվում է բաշխումը, իսկ ինչ վերաբերում է նրան, որ որոշ պոլիկլինիկաներում, շարժական կայաններում չկա պատվաստանյութը, ապա մինչև շաբաթվա վերջ այդ հարցը ևս կլուծվի»,- եզրափակեց ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետը:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ, Ան հաղորդմամբ, կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։

«Կորոնավակ»-ով, «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին:

Տեսանյութեր

Լրահոս