Բաժիններ՝

«Այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զինծառայողների մարմիններ». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ, չնշելով, թե կոնկրետ քանի աճյուն կա դիահերձարաններում:

«Այո, այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զինծառայողների մարմիններ: Եղել են մասունքներ, և փորձաքննությունների արդյունքում դժվարացել ենք բացահայտել նրանց ինքնությունը: Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք, և կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն  գտնվում են Հոլանդիայում, մոտ 50 մասունքի մասին է։ Ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները  ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչև այս պահը բոլոր այդ դեպքերում ստացել ենք նույն պատասխանը, բայց կան, որոնց դեռ սպասում ենք։ Մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել: Բոլոր աճյունները պահվում են պատշաճ պայմաններում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա անդրադարձավ նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ նշելով, որ այս պահի դրությամբ ուսումնական գործընթացը տեղի կունենա առկա ուսուցմամբ՝ հակահամաճարակային պայմանները պահպանելով:

Ինչ վերաբերում է ուսուցիչների և դասախոսների պատվաստվելուն, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ  հոկտեմբերի 1-ից  ուժի մեջ կմտնի աշխատակիցների,  ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի և կունենան այլ հակացուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս