Ասում եք՝ տարածքներ ենք կորցրել. դուք վերջին անգամ ե՞րբ եք այդ տարածքներում եղել, քանի՞ միլիոն կամ միլիարդ դոլարի ներդրում է արվել այդ տարածքներում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարան էր բերել Կառավարության ծրագիրը: Ծրագիրը ներկայացնելիս նա անդրադարձել էր նաև իր թիմի վերջին տարիների աշխատանքին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատելով, որ վարչապետն իր ելույթում բավականին մանրամասն խոսեց իր ղեկավարման տարիներին կառուցված, վերակառուցված դպրոցներից, մանկապարտեզներից, ճանապարհներից, նրանից հետաքրքրվեց, թե 44-օրյա պատերազմի հետևանքով քանի՞ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, ներհամայնքային ու միջպետական ճանապարհ, գյուղեր ու քաղաքներ ենք կորցրել:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք մեր որևէ կորուստ և որևէ ձախողում չենք թաքցնում և չենք էլ կարող թաքցնել ցանկության դեպքում, բայց ես քիչ առաջ ձեր և մեր ուշադրությունը հրավիրեցի մի փաստի վրա և, իմիջիայլոց, ելույթում էլ այդ հանգամանքին ուշադրություն դարձրեցի. ի վերջո, այն տարածքները, որի մասին դուք խոսում եք, ի վերջո, այս տարածքները, մեր պետական տրամաբանությամբ՝ ո՞ւմ են դրանք պատկանել: Եթե այդպես է, ինչպես դուք նշում եք, ես կարծում եմ՝ պետք է ի վերջո բացատրություն լինի:
Եվ ես ցավում եմ, որ նման առիթ տալիս եմ, բայց ես չեմ ասում դա որևէ մեկին նեղություն պատճառելու համար, ես դա ասում եմ՝ փաստերի հետ առնչվելու համար. Լավ, ինչո՞ւ է ՀՀ-ում ընդունվել օրենք, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխի հարևանությամբ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Ինչի՞: Դահլիճում ներկա շատ հարգելի մարդիկ կողմ են քվեարկել այդ օրենքին»:
«Այո, կորցրել ենք, կյանքեր ենք կորցրել հազարավոր, և ես իմ ելույթում դրանց անդրադարձա: Եվ ես խնդրում եմ, հանկարծ չմտածեք, թե ես նման որևէ առերեսումից, որևէ մեղադրանքից փախչելու կամ խուսափելու նպատակադրում ունեմ: Չնայած շատերն ինձ քննադատում են դրա համար՝ ես ասել եմ՝ եթե ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ձեր ասածի համար որոշում կայացնեն, որ ինձ պետք է գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ. սրանում չկասկածեք»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացին կայացրել է իր որոշումն ընտրությունների ժամանակ:
Թադևոս Ավետիսյանն արձագանքելով՝ նշեց, որ տարբեր հաշվարկներով՝ կորցրել ենք 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 187 գյուղ, տասնյակ քաղաքներ, զբոսայգիներ, և այլն: Ապա այն տրամաբանությամբ, ինչը որ առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը, առաջարկեց ընդունել օրենք, որ Շուշին, Հադրութը, նաև այլ տարածքներ հայկական են:
Գործադիրի ղեկավարը պատասխանեց. «Դուք թվարկում եք, ասում եք՝ քաղաքներ ենք կորցրել, տարածքներ ենք կորցրել. դուք վերջին անգամ ե՞րբ եք այդ տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել այդ տարածքներում, քանի՞ միլիոն կամ միլիարդ դոլարի ներդրում է արվել այդ տարածքներում:
ՀՀ բանակցային պատմության ողջ ընթացքում երբեք չի վիճարկվել, որ դրանք հայկական, հայաստանյան տարածքներ չեն. այսինքն՝ այդ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը և անխուսափելիությունը երբեք որևէ իշխանության կողմից չի վիճարկվել»:
Մանրամասները՝ տեսանյութում