Չի՛ կարող խաղաղություն լինել, երբ դու թուլանում ես և որոշում հաճույք ստանալ թշնամուց. Դավիթ Խաժակյան
«Ֆիզգորոդոկի» այգու «ապօրինի սեփականաշնորհման» առիթով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներն ամիսներ առաջ հանդիպում են ունեցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ և տեղեկացրել, որ այգու տարածքում շինարարություն է կատարվելու:
Դավիթ Խաժակյանը բողոքող քաղաքացիներին ասել է, որ եթե կա տրված շինթույլտվություն, ապա դրա կասեցման միակ ճանապարհը դատական կարգով բողոքարկումն է, բայց դա էլ իմաստ ունի, եթե առկա են հիմքեր:
«Դիտարկելով այնտեղ ինչ ունենք՝ մեր կառուցապատման նորմերի իմաստով, հասկացա, որ հեշտ չի լինելու այդ պայքարը, որովհետև մեր նորմերն այնպես են գրված, որ ամեն ինչ էլ հնարավոր է կառուցապատել: Ամեն դեպքում, խոսքն այն մասին է, որ հիմա կա տրված շինթույլտվություն, և կա նաև դատական հայց: Եթե կա դատական գործընթաց, անիմաստ են այլ գործողությունները, միևնույն է՝ խնդիրը ստանալու է իրավական հանգուցալուծում: Բնակիչներն ասում են, որ դիմել են դատարան, թե ինչ հիմքով՝ չգիտեմ: Բայց ես շատ եմ ուսումնասիրել թե՛ կառուցապատման խտության նորմերը, թե՛ շենքից շենք հեռավորության նորմերը, դրանք կարգավորվում են կառավարության որոշումներով: Այդ որոշումները, ըստ էության, այնպես են գրված, որ կարող են ցանկացած կառուցապատում թույլ տալ կամ արգելել, և երբ արդեն թույլտվությունը կա, իսկ այս դեպքում կա, ուստի այստեղ միակ ճանապարհը իրավական ճանապարհն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դավիթ Խաժակյանն ընդգծեց. «Որքան էլ շատերի համար զարհուրելի լինի, թե ինչպես էին իրենց պահում ոստիկանները, ինչպիսի բիրտ ուժ էին կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ, այդուհանդերձ դա բխում է 2021թ. ժողովրդի կամարտահայտությունից՝ պողպատյա մանդատ, օրենքի դիկտատուրա, իսկ օրենքը ասում է հետևյալը՝ կառուցապատողին տրվել է շինթույլտվություն, նա իրավունք ունի իր կառուցապատումը իրականացնելու, և եթե կան ոչ իրավական արգելքներ՝ կառուցապատումը իրականացնելու համար, ապա այս իշխանությունը ստացել է պողպատյա մանդատ՝ այդ պողպատյա մանդատով տալու բոլոր նրանց գլխին, ովքեր կփորձեն օրենքը խախտել: Այս դեպքում իրավապահները չեն նայում՝ գործողություն իրականացնողն ով է, կա նման մանդատ, վերջ: Ոստիկանությունը գործում է այդ կանոններով, ուստի քաղաքացիները պետք է հասկանան, որ նման ակցիաները նման հետևանքներով կարող են հղի լինել, որովհետև 2 ամիս էլ չի անցել ընտրություններից, երբ բնակչության մեծամասնությունը այդ մանդատը տվել է իշխանությանը՝ այդպես վարվելու»:
Անդրադառնալով խորհրդարանում խաղաղության դարաշրջանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա ասաց.
«Իմ տպավորությամբ, իշխանություններն անկեղծ մտածում են, որ եթե կատարեն թշնամու բոլոր պահանջները, ապա կլինի խաղաղություն, ընդ որում՝ պահանջներ, որոնք այս պահին գոնե ֆորմալացված են: Դա վերաբերում է և՛ ճանապարհին, որին միջանցք են կոչում, և հակառակվում են, ասում են՝ չենք քննարկում նման տարբերակ, և՛ սահմանների ճշգրտմանը՝ դեմարկացիային և դելիմիտացիային:
Իմ տպավորությամբ՝ իրենք կարծում են, որ եթե դա տեղի ունեցավ, ապա կլինի խաղաղություն, և թշնամին դրանով կբավարարվի, և չեն ստանում այդ երաշխիքները: Մյուս կողմից՝ նաև կաշկանդված են ցույց տալու, որ նպատակ ունեն հզորացնելու մեր բանակը, որպեսզի, ի վերջո, պաշտպանեն մեր սահմանները, որովհետև ամիսներ են անցել, մեր սահմանները նույնպիսի կահավորվածություն ունեն, ինչ որ պատերազմից անմիջապես հետո: Պարզ է, որ խնդիրներ կարող են լինել, բայց տեսանելի՞ է արդյոք որևէ աշխատանք. Ակնհայտ է, որ տեսանելի չէ, և իրենք թույլի կարգավիճակում պատկերացնում են, որ այդ խաղաղությունը ինչ-որ կերպ պետք է կնքվի: Դա իրագործելի չէ, երբ դու թուլանում ես և որոշում հաճույք ստանալ թշնամու կողմից և ասում՝ խաղաղություն կլինի: Չի կարող նման դեպք լինել: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներն այդ ճանապարհն ընտրեցին՝ ի դեմս Փաշինյանի, և լուրջ խնդիրները դեռևս առջևում են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում