«Պահանջում ենք՝ Ազգային ժողով գա գլխավոր դատախազը և բացատրություն տա»․ Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Օգոստոսի 24-ին քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վերաքննիչ քրեական դատարանի այս ապօրինի որոշումը հակասում է սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննությամբ ձևավորված պրակտիկային, իսկ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասաց Օհանյանը:
Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող իր բոլոր գործընկերներին և Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում են ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը և առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:
«Պահանջում ենք՝ Ազգային ժողով գա գլխավոր դատախազը և բացատրություն տա»,- եզրափակեց Օհանյանը: