Իսրայելում 12-ից բարձր տարիքի երեխաները դպրոցներում կպատվաստվեն COVID-ի դեմ
Սեպտեմբեր ամսից Իսրայելում կբացվեն դպրոցները, 12-ից բարձր տարիքի երեխաները ծնողների թույլտվությամբ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հենց պարապմունքների ժամանակ: Այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը։
Իսրայելի իշխանություններն օգոստոսի 23-ի առավոտյան որոշել են, որ երկրում ուսումնական տարին, ինչպես պլանավորվել է, կսկսվի սեպտեմբերի 1-ից, չնայած ուսումնական տարին հետաձգելու հասարակայնության կոչերին, որը կապված է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճի հետ: Նաեւ որոշվել է, որ 12 եւ ավելի բարձր տարիքի աշակերտները կկարողանան պատվաստանյութն ստանալ ուսումնական հաստատության տարածքում՝ ծնողների թույլտվությամբ:
Ուսուցիչների եւ մյուս աշխատողների համար կսահմանվի «կանաչ անցագրերի» համակարգ, որի համաձայն նրանք կկարողանան աշխատել միայն պատվաստման կամ COVID-19-ի բացասական թեստի հավաստագրի տրամադրման դեպքում:
Երկրի կրթության նախարար Իֆաթ Շաշա-Բիթոնը դեմ է եղել այս ծրագրին, բայց ավելի ուշ համաձայնել է դրան՝ ուսումնական տարվա մեկնարկը չհետաձգելու նպատակով:
Օգոստոսի 22-ին Իսրայելում կորոնավիրուսի թեստեր են սկսել անել 3-ից մինչեւ 12 տարեկան երեխաներին: Թեստերն անցկացվում են ամբողջ երկրի ավելի քան 400 բնակավայրերում:
Ավելի վաղ այս տարի դեռահասներին COVID-19-ի դեմ պատվաստումներ են սկսել անել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում:
Համավարակի ողջ ժամանակաշրջանում Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 994 հազար դեպք եւ հիվանդությունից մոտավորապես 6800 հազար մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: