Իրանը վերսկսել է բենզինի մատակարարումներն Աֆղանստան
Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Աֆղանստան՝ «Թալիբան» արմատական շարժման կողմից 70 տոկոսով մաքսային սակագների իջեցումից հետո: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին:
«Իրանը վերսկսել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը Աֆղանստան: Արտահանումը վերսկսվել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ թալիբները 70 տոկոսով նվազեցրել են Իրանից վառելիքի ներկրման սակագինը»,- ասել է Հոսեյնին:
Շաբաթ օրը Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանի բոլոր հսկիչ-անցագրային կետերը բաց են և գործում են: