«Այս ամենը երկար չի շարունակվելու. Փաշինյանը 5 տարի չի մնալու». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ համերաշխության մասին է խոսում. դրանով փորձում է արտաքին աշխարհի աչքերին թոզ փչել:

«Իրականում և՛ Արմեն Չարչյանի հետևից ենք ընկած, «Հայաստան» դաշինքի երկու այլ պատգամավորներ են բանտարկված, Գորիսի քաղաքապետն է բանտարկված, բոլորս հիշում ենք՝ ինչ մասկի-շոուներ արեցին, երբ փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին էին կալանավորում: Սա ուղղակի ցույց է տալիս, որ Նիկոլը ինչպես կար փոքրոգի, ճղճիմ անձնավորություն, որը դուրս չի եկել դեղին մամուլի լրագրողի շղարշի տակից, այդպես էլ շարունակում է իր գործունեությունը: Այս երեք տարվա ընթացքում նա այդպես էլ չդարձավ պետական և քաղաքական գործիչ, որը վեր է անձնական խնդիրներից և վրեժխնդրությունից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ինքն իրեն պողպատե մանդատավոր է հայտարարել՝ օգտվելով նրանից, որ արտաքին ուժերը տվյալ պահին ինչ-որ կոնսենսուսի են եկել. «Բոլորը նրանից սպասում են այն, ինչ ինքը բոլորի կաբինետներում խոստացել է: Ոչ ոք նրան պողպատյա մանդատ չի տվել. Ինքն իրեն կեղծիքներով նշանակել է և հիմա փորձում է ուժ ցուցադրել: Բայց էլի եմ ասում՝ ուժ ցուցադրելու, դիկտատոր լինելու համար առնվազն պետք է համապատասխան հատկանիշներ ունենաս, որոնցով նա օժտված չէ: Սա իշխանության գագաթին հայտնված փոքրիկ մարդու հերթական կոմպլեքսն է:

Մենք բոլորս տեսել ենք՝ այդպիսի մարդկանց կենսագրությունը, քաղաքական գործունեությունը և ցավալի վախճանը ինչպիսին է լինում: Ես տեսնում էի, թե ինչպես են Անվտանգության  խորհրդի անդամները դիմավորում մեր նոր դիկտատորին. ուղղակի ամոթի զգացում էլ չունեն: Գեներալները կռանում են մի մարդու առջև, ում Ալիևը ձեռք է առնում, ասում է, որ իրեն Մեհրիբան Ալիևան է խնդրել, որ «նոլդու Փաշինյան» այլևս չասի: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ ստորացումները կուլ տալ՝ հանուն իշխանության մնալու, պատկերացրեք՝ ինչ վերաբերմունք կլինի այն մարդկանց հանդեպ, ովքեր ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ իրենք շատ ավելի վատն են, քան Նիկոլ Փաշինյանը: Այս ամենը երկար չի շարունակվելու. Բոլոր նորմալ մարդիկ պետք է առկախված մնան, մինչև…»:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ այս ամենը երկար չի շարունակվելու, որովհետև շատերն են նշում, որ դեռ 5 տարի Փաշինյանը մնալու է իշխանության, նա պատասխանեց. «Նա 5 տարի չի մնալու: 5 տարի հետո կզրուցենք այս թեմայով»:

Անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանին անունով դիմելու համար ԱԺ նախագահության կիրառած խիստ միջոցներին, նա հետևյալն ասաց. «Նիկոլ անունը դարձել է փոքրատառով երևույթ, ինչպես քսերոքս բառը: Նիկոլը կապիտուլյանտի և դավաճանի արտացոլումն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս