Լեհաստանը միգրանտների հոսքի պատճառով արգելապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը միգրանտների հոսքի պատճառով նոր 2,5-մետրանոց արգելապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Ներկայում գոյություն ունեցող արգելապատը հնացել է եւ անցնում է բելառուսա-լեհական սահմանի սահմանափակ տեղամասով:
«Բելառուսի հետ սահմանին կկառուցվի նոր ամուր արգելապատ՝ 2,5 մետր բարձրությամբ: Սահմանապահներին օգնելու գործում կներգրավվեն ավելի շատ զինվորներ»,- Twitter-ում գրել է Բլաշչակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանապահներին օգնելու համար ուղարկվել է 1000 լեհ զինվոր:
Լեհ սահմանապահների տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Բելառուսից հանրապետության սահմանն անօրինականորեն փորձել Է հատել 2,1 հազար մարդ: Ամբողջ անցյալ տարվա ընթացքում նրանց թիվը հասել Է 120-ի:
Ներկայում մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում: Միգրանտներն անօրինական կերպով փորձել են անցնել Լեհաստան:
Լեհ եւ բելառուս սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Լեհական կողմը պնդում Է, որ միգրանտները գտնվում են Բելառուսի տարածքում, այլ ոչ թե չեզոք տարածքում:
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք: Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սիտենկովը ավելի վաղ նշել է, որ ԵՄ-ի սահմանակից երկրները խախտում են միջազգային պայմանագրերի նորմերը անօրինական միգրանտների հետ կապված իրադրության պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: