Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ Հենակետ
Ադրբեջանի նախագահ Ալիևը Քարվաճառ այցելության ժամանակ տարածքային պահանջներ է հնչեցրել Զանգեզուրի և Սևանի նկատմամբ՝ հայտարարելով, որ ադրբեջանցիներին կվերադարձնի «իրենց նախնիների երկիրը»։ Միևնույն ժամանակ, Ալիևը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները:
Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ տարանցիկ ներուժին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Քարվաճառ կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի ՊՆ-ն և սահմանապահ զորքերը ստեղծում են բոլոր անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասերը ամբողջ սահմանի երկայնքով՝ Մռավի լեռնաշղթայյից մինչև Արաքս գետ: Իրենք պետական սահմանն ամրապնդում են Քարվաճառի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե սահմանամերձ գոտում կառուցված նոր զորամասերը համալրվում են ժամանակակից ռազմական տեխնիկայով։ «Msta-S» ինքնագնաց հրետանային համակարգերը ուղարկվել են սահմանամերձ տարածքներ: Իսկ համազարկային կրակի ռեակտիվ «Vampire» համակարգերը և «Sandcat» զրահամեքենաները՝ «Spike» հակատանկային հրթիռային կայաններով, շուտով կհայտնվեն Զանգեզուրի նոր դիրքերում:
Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ Նախիջևանի ռազմավարական բարձունքների վրա ամրապնդվել են պաշտպանական ամրությունները: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել իրավիճակին:
Թուրքական պաշտպանական ընկերության տնօրեն Ռոքեթսան Մուրատ Յքընչին հաստատել է, որ Ադրբեջանը զինված է թուրքական արտադրության նորագույն բարձր ճշգրտությամբ «TRLG-230» հրթիռներով, որի թռիչքի հեռահարությունը 70 կմ է:
Թուրքական ընկերության տնօրենի խոսքով՝ ադրբեջանական զինուժը հաջողությամբ կիրառել է այդ հրթիռները Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ: Հրթիռի հիմնական առանձնահատկությունը լազերային ուղղորդման գործառույթն է:
Ստամբուլ քաղաքում օգոստոսի 17-ից 20-ը անցկացվել է «IDEF-2021» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը։ 50 երկրներից ավելի քան հազար ընկերությունների և ձեռնարկությունների մասնակցությամբ ցուցահանդեսին ներկայացվել է նաև ադրբեջանական ծագման ռազմական արտադրանքը՝ դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, գրոհային գնդացիրներ, նռնականետներ, ԱԹՍ-ներ, ականանետներ, տարբեր տրամաչափի զինամթերք:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով օգոստոսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցել է «IDEF-2021» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հասանովն այցի շրջանակներում հանդիպել է Հուլուսի Աքարի և Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության «ASELSAN», «ROCKETSAN», «HAVELSAN», «ASPILSAN» և մի շարք այլ ընկերությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի զորամասերից մեկում բացվել է «Անտոնով Ան-2» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի հուշարձանը՝ նկատի ունենալով, որ Արցախյան պատերազմի ժամանակ այն օգնել է Ադրբեջանին օդային գերաանցության հասնելու հարցում։ Ալիևը օգոստոսի 17-ին հրամանագիր է ստորագրել պետական սահմանային ծառայության զինծառայողներին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին:
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատած 2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ շաբաթվա ընթացքում անցկացվել են մարտավարական-հատուկ պարապմունքներ՝ ինժեներական զորքերի զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ:
Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ՌՕՈւ-ի մարտական ինքնաթիռները սկսել են ուսումնամարզական թռիչքներ իրականացնել։ Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ականանետային ստորաբաժանումներում:
Շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հրետանավորները մեկնել են Ղազախստան՝ մասնակցելու «Հրետանային հրաձգության վարպետներ» մրցույթին, որն անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում:
Ադրբեջանցի տանկիստները նախապատրաստվում են «Միջազգային բանակային խաղեր–2021»-ի շրջանակներում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթին: Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցում նաև «АрМИ-202» շրջանակներում Մոսկվայում անցկացվող «Մշակույթի բանակ» մրցույթին:
Ադրբեջանի ծովուժի 66 նավաստիներ «G-122» և «G-124» պարեկային նավերով մասնակցելու են Իրանի Էնզելի նավահանգստում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթին:
Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ կապիտան Հաբիբ Խալիլովը հանդիպել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատար Աբդուլ Վահաբ Թահերիի հետ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում «Ծովի գավաթ» մրցույթի կազմակերպման ու իրագործման վերաբերյալ:
Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն: «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու: «Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո», – նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ 120 հոգուց բաղկացած ադրբեջանական բանակի խաղաղապահ զորախումբն Աֆղանստանում թուրքական ուժերի հետ միասին շարունակում է իրականացնել իր պաշտոնական պարտականությունները՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Օգոստոսի 17 -ի առավոտյան ադրբեջանցի խաղաղապահներն ապահովել են՝ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 աշխատակիցների անվտանգ տարհանումը Քաբուլի միջազգային օդանավակայանից։
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։
Դրան զուգահեռ, Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածել, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի հետ սահմանին։
Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ կատարած այցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի տերն Ադրբեջանն է, Սև լիճը և մյուս տարածքներն իրենցն են, և որտեղ իրենք ցանկանան, այնտեղ էլ կարող են կանգնել:
Օգոստոսի 17-ին Ստամբուլում «IDEF-21» ցուցահանդեսի շրջանակում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Քննարկվող հարցերի շրջանակում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին: Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը շեշտել է, որ «Թուրքիան միշտ կլինի ադրբեջանցի եղբայրների կողքին»:
Օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը: Մոսկվան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ սկսել սահմանազատման շուրջ բանակցությունները։
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից հայտնել են, թե իրենք կոչ են անում Երևանին ու Բաքվին պահպանել հրադադարի պայմանավորվածությունները։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատմանը:
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին գրանցված վերջին էսկալացիաները և կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցություններին։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր էջում ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները` Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար:
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանական մամուլում հրապարակվել են՝ Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմոբիլային ճանապարհի վրա յոթ թունելներից մեկի կառուցման լուսանկարները: Այս թունելի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ-ին, իրականացնում է թուրքական ընկերություններից մեկը:
Օգոստոսի 16-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Քելբաջարի և Քաշաթաղի շրջաններ: Նրանք դրել են այն թունելի հիմքը, որը կառուցվելու է Մռավի լեռնաշղթայի մասում (Մուրովդագ)՝ Թողանալը-Քարվաճառ ավտոճանապարհի վրա, ապա ծանոթացել են Քարվաճառի փոքր ՀԷԿ-ում իրականացվող աշխատանքներին, այնուհետև բացել 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Քելբաջար» ենթակայանը:
Այցի շրջանակներում Ալիևը ծանոթացել է Քարվաճառի զորամասերից մեկում ստեղծված պայմաններին: Ադրբեջանի նախագահը եղել է Ջերմաջուր (Իստիսու) առողջարանում, ծանոթացել Քարվաճառ-Մինքենդ ճանապարհի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել է Բերձերի (Լաչինի) միջազգային օդանավակայանի հիմնարկեքի արարողությանը:
Քաշաթաղ և Քարվաճառ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե մի քանի ամսից կսկսվի ներքին տեղահանված անձանց Կովսականի (Զանգելանի) շրջան վերադարձնելու գործընթացը: Ադրբեջանի նախագահը սպառնացել է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում:
Բաքվում ընդունելով Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Պակ Բյոկ Սոկի գլխավորած պատվիրակությունը՝ Ալիևը հայտարարել է, թե իրենք հրավիրել են հարավկորեական ընկերությունների՝ նախագծեր իրականացնելու Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում:
«Ազերեներժի» ընկերությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե ինչպես է անցկացվել՝ Դաշքեսան-Քարվաճառ 70 կիլոմետր բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գիծը և միացվել Քարվաճառի ենթակայանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում կանոնավոր չվերթների համար ռադիոտեխնիկայի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 20-ից 25-ը թռիչքներ են իրականացվում:
Շաբաթվա ընթացքում մեկնարկել է Ադրբեջանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների ուղևորությունն Ակնա (Աղդամ) քաղաք: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կազմակերպել է Շուշիի նախկին բնակիչների այցն այդ քաղաք, ինչը լայնորեն լուսաբանվել է մամուլում։
Ադրբեջանում դանդաղել է Արցախից գրավված տարածքների վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները, որոնք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, ցույց են տալիս, որ ընդհանուր հատկացված միջոցների ընդամենը 16․9 տոկոսն է ծախսվել։
Ստացվում է, որ միջոցները խնայողաբար են ծախսվում, չնայած Ալիևն ու երկրի տարբեր պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են մեծածավալ վերականգնողական աշխատանքների ու «մեծ վերադարձի» մասին։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: Ադրբեջանցի զինվորականները ավերում են Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները:
2021 թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և կողաշրջել նրա ՄիԳ-17 կործանիչը (ֆոտո)։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Ալբանիայի կառավարությունը ուսումնասիրում է Տրանս-Ադրիատիկ խողովակաշարից օգտվելու ուղիները: Դեռևս 2021 թ․ հուլիսին Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի կոնսորցիումի, Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարարության և «Albqaz» ընկերության միջև ստորագրել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է «Fier South» գազի ելքի կետի կառուցում։
«Fier South»-ը Տրանս-Ադրիատիկ գազամուղի համակարգը միացնելու է Ալբանիայի գազային ենթակառուցվածքի հետ, որի միջոցով այդ երկիրը կարող է ստանալ Ադրբեջանից արտահանվող բնական գազը։
Բաքուն նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները Ռուսաստանի տարածքով։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով մատակարարումներն ավելացնելու նպատակով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համապատասխան դիմում է ուղարկել ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությանը։
Ադրբեջանը 2021 թ-ի հունվար-հունիսին արտահանել է 14 միլիոն 47 հազար տոննա նավթ, ինչը 4,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հենակետ