Շիրակի կադաստրի պետի պաշտոնի համար մրցույթի գրավոր փուլը՝այսօր. Մասնակցում է նաև քրեական օրենսգրքի ու մամուլի հետ խնդիրներ ունեցող նախկին պետը

Օրեր առաջ 168.amգրել էր, որ Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը 2 դատական հայց է ներկայացրել մեր դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Սույն հրապարակման մեջ մենք մանրամասն շարադրել էինք, թե նախկին պաշտոնյայի՝ մամուլը լռեցնելու մոտիվները, թե մեր դիրքորոշումը և թե այդ գործի անհեթեթությունները փաստական հանգամանքներով:

Գրել էինք նաև, որ Արայիկ Առաքելյանի նախահարձակ լինելու շարժառիթն այն է, որ նա կրկին ուզում է դառնալ Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի ստորաբաժանման ղեկավար:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ Շիրակի կադաստրի պետի պաշտոնի հավակնորդների մրցույթի գրավոր փուլին, որըկայացավ այսօր, մասնակցեց նաև Արայիկ Առաքելյանը, ով, ի դեպ, մի անգամ արդեն չի հաղթահարել նշված մրցույթը:

Հիշեցնենք, որ Արայիկ Առաքելյանը քրեական գործի ֆիգուրանտ է եղել:

168.am-ը Արայիկ Առաքելյանի գործի վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ է մինչև հոգու խորքը վիրավորվել նախկին պաշտոնյան, և մեր հրապարակումների հատկապես ո՞ր մասն էր վիրավորանք և զրպարտություն պարունակում իր մեջ:

Գլխավոր դատախազությունից խնդրել էինք տրամադրել տեղեկություն ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանի և նրա կնոջ՝ Հերմինե Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երկու քրեական գործերի ընթացքի մասին, որոնք վերաբերում են Շիրակի մարզի Ցողամարգ և Մուսայելյան համայնքներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները պաշտոնական դիրքի չարաշահմամբ չնչին գումարով վարձակալելուն ու մեծ գումարներով բջջային կապի  օպերատորներին ենթավարձակալության հանձնելուն։

Խնդրել էինք նաև տեղեկացնել՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ՀՀ դատախազության կողմից հեռահաղորդակցության կայանները գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հեռացնելու ու համայնքներին պատճառված զգալի վնասները հատուցելու, ինչպես նաև Արայիկ Առաքելյանի ընտանիքի կողմից համայնքապետարանների հետ կնքած վարձակալության պայմանագրերը լուծարելու ուղղությամբ։

Խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել, թե դատախազի կողմից ներկայացվե՞լ են արդյոք միջնորդագրեր տվյալ անձանց՝ պետական կառույցներում  պաշտոններ չզբաղեցնելուն արգելանք կամ սահմանափակումներ դնելու վերաբերյալ։

Դատախազությունից ստացել էինք պատասխան, որ ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգ բնակավայրին պատկանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով  որոշումներ են կայացվել Կադաստրի տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա կնոջ՝  Հ. Ալեքսանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (վերջիններիս կողմից չառարկելու հանգամանքով պայմանավորված) քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետներն անցնելու ոչ արդարացնող հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել համայնքի ներկայիս ղեկավարին համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Վարձակալության պայմանագիրը լուծվել է, և օպերատոր ընկերության հետ  Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքել է վարձակալության նոր պայմանագիր:

«ՀՀ  Շիրակի մարզի Մուսայելյան գյուղին պատկանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Կադաստրի տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի կողմից Շիրակի մարզի Մուսայելյան համայնքի նախկին ղեկավար Օգսեն Հակոբյանին պաշտոնեական դիրքի չարաշահմանը դրդելու և կնոջը՝ Հերմինե  Ալեքսանյանին վարձակալությամբ հողատարածքը տրամադրելու, հողատարածքից որոշակի հատված ենթավարձակալությամբ բջջային օպերատորին հանձնելու առնչությամբ կայացվել է Ա. Առաքելյանի նկատմամբ, վերջինիս կողմից չառարկելու հանգամանքով պայմանավորված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում` վաղեմության ժամկետներն անցնելու ոչ արդարացնող հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել Մուսայելյան համայնքի ներկայիս ղեկավարին համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասով:

Դատախազությունը, սակայն, չէր պատասխանել մեր այն հարցին, թե դատախազի կողմից ներկայացվե՞լ են արդյոք միջնորդագրեր տվյալ անձանց՝ պետական կառույցներում  պաշտոններ չզբաղեցնելուն արգելանք կամ սահմանափակումներ դնելու վերաբերյալ։

Մրցույթից հետո, այնուամենայնիվ, կփորձենք ստանալ նաև այս հարցի պատասխանը:

Տեսանյութեր

Լրահոս