Վլադիմիր Պուտինի հրամանով, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգեւատրվել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման եւ բուժման գծով: Նա Ռուսատանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի եւ արյան անոթների հետազոտման եւ բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը: Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության եւ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների եւ ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի եւ անոթների հիվանդությունների հետազոտման եւ բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։
Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում 11 մենագրության եւ գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի եւ արյան անոթների ներանոթային ախտորոշման եւ բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների եւ դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը 2015թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության եւ տեխնիկայի բնագավառի մրցանակի:
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհավորում են մեծանուն գիտնականին եւ բժշկին, մաղթում նորանոր գիտական հաջողություններ: