Բաժիններ՝

Թալիբները հայտարարել են, որ չեն հետապնդի Ղանիին

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը տարածել է Աֆղանստանի կառավարության բոլոր անդամների, այդ թվում նախագահ Աշրաֆ Ղանիի համաներում՝ հայտարարելով, որ նրանք կարող են վերադառնալ եւ ապրել Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է թալիբների բարձրաստիճան պարագլուխ Հալիլ ուր Ռահման Հաքանին Պակիստանի Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հաքանիի խոսքով՝ թալիբների եւ տապալված նախագահ Աշրաֆ Ղանիի, փոխնախագահ Ամրուլլա Սալեհի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբի միջեւ «թշնամություն չկա»:

«Մեր կողմը ներում է բոլորին (մեր դեմ կռված) գեներալից մինչեւ հասարակ մարդը»,- օգոստոսի 23-ին մեջբերում է հեռուստաալիքը Հաքանիի խոսքը:

Նա նաեւ երկրից փախչող աֆղաններին հորդորել է չանել դա՝ հավելելով, որ այն քարոզչությունը, թե թալիբներն իրենցից վրեժ կառնեն, «տարածում են թշնամիները»:

Հաքանին խոստանում է, որ երկրում բնակվող ազգությունները կարող են իենց հանգիստ զգալ: Այնուամենայնիվ, ինչպես նշում են Պակիստանի զանգվածային լրատվամիջոցները, Աֆղանստանը լքել ցանկացողների քանակը նախկին պես շատ մեծ է: Այդ թվում, Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ Աֆղանստանում մնում են շուրջ 800 պակիստանցի քաղաքացիներ, ովքեր մտադիր են հեռանալ այդ երկրից:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Շատ երկրներ տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին: Տարբեր գնահատումներով՝ Աֆղանստանի տարբեր քաղաքներում մնում է շուրջ հազար հնդկաստանցի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս