
Հռոմի մոտակայքում 1 եվրոյով տներ են վաճառվում

Հռոմի մոտակայքում գտնվող Մաենզա քաղաքում 1 եվրոյով տներ են վաճառվում։ Սա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նոր կյանք սկսել երկրի հեռավոր անկյուններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Այս պատմական տարածքում, որտեղ ժամանակին հովիվներն ու հնագույն ցեղերն էին ապրում, այժմ տասնյակ լքված տներ կան։
Քաղաքապետ Կլաուդիո Սպերդուտին նշել է, որ «վերածննդի» ծրագիր է մեկնարկում, որպեսզի նոր շունչ տա քաղաքին։
Գնորդների համար այժմ հասանելի է 100 լքված տուն, և տները գնելու առաջին փուլի վերջնաժամկետն օգոստոսի 28-ն է։
Նրանք, ովքեր ցանկանում են Մաենզայում շինություն գնել, պարտավորվելու են վերանորոգել այն 3 տարվա ընթացքում և 5000 եվրոյի ավանդի երաշխիք տալ, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո։
Գնորդները նաև պետք է նշեն, թե տվյալ տունը ձեռք բերելուց հետո ինչ նպատակով են այն օգտագործելու։