Լին Թրեյսին զբոսաշրջիկներին կոչ է անում այցելել Հայաստան և զմայլվել գեղատեսիլ վայրերով
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծում է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում առաջարկելու շատ բան ունի. այս համատեքստում դեսպանն առանձնացնում է հատկապես Սյունիքի մարզը:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ հարցին, թե ինչպես պետք է Հայաստանը շարունակի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, իրացնի ներուժը զբոսաշրջության ոլորտում այն պայմաններում, երբ, օրինակ, նույն Սյունիքի մարզի սահմանային հատվածներում Ադրբեջանը պարբերաբար լարում է իրավիճակը, կան անվտանգության հետ կապված հարցեր:
Դեսպան Լի Թրեյսին նշեց, որ անվտանգության հարցերը զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, բայց միայն Հայաստանի պարագայում չէ, որ զբոսաշրջիկները այդ հարցը պետք է դիտարկեն․ «Անվտանգության հարցերը հրատապ, անհետաձգելի հարցեր են, որոնց հնարավորինս արագ լուծումները շատ կարևոր են, բայց այցելությունները պետք է շարունակվեն ինձ նման այցելուների, զբոսաշրջիկների համար: Պետք է այցելել և զմայլվել այս վայրերով։
Ես ինքս մի քանի շաբաթ առաջ այստեղ էի գտնվում, և դա է պատճառը, որ ես այսօր նորից այստեղ եմ և իմ ներկայությամբ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել ու կարևորել զբոսաշրջության դերը:
Հայաստանը այս ոլորտում առաջարկելու շատ բան ունի, հատկապես՝ Սյունիք մարզը»-ասել է դեսպան Թրեյսին։