«Ջայլամի քաղաքականությունով չենք կարող երկար շարունակել մեր գոյությունն այս տարածաշրջանում». Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալով, ինչպես Էրդողանի, այնպես էլ մյուս ուժերի համար երկու տարբերակ կա՝ և՛ հնարավորություն, և՛ հնարավորությունների սահմանափակում:

«Կարող է այնպես ստացվել, որ Թուրքիայի կամ թալիբների վարած քաղաքականության արդյունքում շահերի համընկնում լինի, և Թուրքիան կարողանա օգտվել այդ առիթից և իր ազդեցությունը էլ ավելի մեծացնի Աֆղանստանում, կամ ելնելով իրավիճակից և կախված նաև այլ ուժերի ներկայացվածությունից՝ Թուրքիան ամբողջովին դուրս մղվի Աֆղանստանից: Երբ ԱՄՆ-ը դուրս էր գալիս Աֆղանստանից, հայտարարեց, որ այնտեղ մնալու են ՆԱՏՕ-ական ուժեր՝ ի դեմս Թուրքիայի, և վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը: Բայց դա ամենևին թալիբների սրտով չէր, և նրանք հայտարարեցին, որ չի լինելու այդպես: Իհարկե, Թուրքիան նրանց համար կարևոր գործընկեր է, բայց ամեն դեպքում, Քաբուլի օդանավակայանը հսկելու է այդ երկրի իշխանությունը, իսկ իշխանությունը ներկա պահին գտնվում է թալիբների ձեռքին: Թալիբները վերջերս նաև ասացին, որ պատրաստ են համագործակցել այլ ոլորտներում, օրինակ՝ տնտեսական և այլն, դրանով ցույց տալով, որ ամենևին չեն համաձայնում այն կետի հետ, որ Թուրքիան պետք է վերահսկի Քաբուլի օդանավակայանը և ռազմական ներկայություն ունենա: Թալիբները նշում են, որ բացի իրենցից, այլ ռազմական ուժ չպետք է լինի Աֆղանստանում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց, որ թալիբները ներկայումս պատրաստ են համագործակցել նույնիսկ Իրանի, Ռուսաստանի հետ, որոնք «Թալիբան» շարժումը համարում են ահաբեկչական. «Գաղափարապես Իրանը և թալիբները իրար դեմ են և շատ լուրջ հակասություններ ունեն, բայց երկուստեք պատրաստ են համագործակցության: Խնդիրն այն է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը և Չինաստանը ձգտում էին տարածաշրջանից հանել Միացյալ Նահանգներին: Նրանց առաջին և գերխնդիրը կոնկրետ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումն էր. Դա հաջողվեց: Բայց մյուս կողմից, երբ նայում ենք, թե ինչ ստացան այս երկրներն ԱՄՆ զորքերի դուրսբերումից, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին ձեռք էր տալիս իր զորքերի դուրսբերումը, որովհետև Աֆղանստանում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի քթի տակ հայտնվել է մի անկանխատեսելի ուժ, որը, ճիշտ է, ներկայումս հայտարարում է, որ պատրաստ է համագործակցության, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ հատկապես Իրանի պարագայում Իրանը մեկ տաք կետ էլ է ունենալու իր սահմանների մոտ: Եթե մինչ այդ Ղանիի օրոք այդտեղ ռազմական առումով անվտանգ էր, ապա ներկայումս ռազմական առումով էլ անվտանգ չէ, և Իրանը ստիպված է իր ուժերը կենտրոնացնել նաև այդ հատվածում»:

Իրանագետի խոսքով՝ թուրք-իրանական հարաբերություններում լարվածությունը մեծանում է. «Թուրքիան ներկայումս պատ է կառուցում Իրանի հետ սահմանին, որպեսզի կարողանա վերահսկել Աֆղանստանից եկող ներգաղթյալների հոսքը: Ներկայումս այդ պատրվակով զորախումբ է տեղակայել Իրանի հետ սահմանին, զորախմբի թվաքանակը մեծացնում է, և մարտական պատրաստությունը բարձրանում է: Վերջերս էլ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարություն տարածեց, որ Իրանում Թուրքիան ունի մեծ լրտեսական ցանց և ցանկացած պահի կարող է դա գործարկել: Իհարկե, նա այդ ամենը նշել էր կրկին Աֆղանստանից սպասվող ներգաղթյալների հոսքի վերաբերյալ, բայց հենց այն, որ մեկ երկիր հայտարարում է, որ մյուսում ունի մեծ լրտեսական ցանց և ցանկացած պահի կարող է ցանկացած գործողություն իրականացնել, սա նշանակում է, որ կա հակասություն»:

Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ իրանական և թուրքական մեդիադաշտում նկատվում են միմյանց ուղղված խայթոցներ. «Աֆղտանստանից եկած այս ներգաղթյալների հոսքը և ահաբեկիչների խնդիրը հաշվի առնելով՝ մենք Իրանի և Ռուսաստանի հետ կարող ենք հակաահաբեկչական կոալիցիա կազմել, այս մասին նախկինում էլ եմ խոսել: Այդպիսով կկարողանանք նաև կառավարել Աֆղանստանից եկող ներգաղթյալների խնդիրը, որովհետև ես գիտեմ, որ մի քանի տարի առաջ Աֆղանստանից ոչ լեգալ ճանապարհով ներգաղթյալներ են ներթափանցել Հայաստան: Հաշվի առնելով սա և քրդական խնդիրը, որ ունեն Թուրքիան և Իրանը, կարող ենք հետաքրքիր համագործակցություն ծավալել Իրանի հետ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան չի ուզում ուժեղ Հայաստան, այլ ուզում է, որ ընդհանրապես Հայաստան չլինի, և այս պարագայում պետք է օգտագործենք ցանկացած գործիքակազմ՝ Թուրքիայի դեմ աշխատելու և Թուրքիային որոշակի զսպելու համար»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, նա նշեց, որ դա կարող է դառնալ պատերազմի պայմանագիր. «Խաղաղության նախադրյալներ չեմ տեսնում, որովհետև չի կարող մի կողմը խաղաղություն ուզել, իսկ մյուս կողմը՝ զենք գնել: Խաղաղությանը պետք է պատրաստվել զենք գնելով, բայց եթե մենք զենք չենք գնում, եթե չենք զինում մեր բանակը, եթե դա արվում է միայն Ադրբեջանի կողմից, ապա կարող ենք ասել, որ նա պատրաստվում է ամեն ինչի, բացի խաղաղությունից»:

Նա հավելեց, որ Աֆղանստանի գործընթացներն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. «Ես արդեն նշեցի, որ դեռ այս խնդիրները չկային, բայց Աֆղանստանից ոչ լեգալ ճանապարհով Հայաստան ներթափանցումներ են եղել, և հնարավոր է նաև՝ այդպիսի դեպքեր լինեն, և դժվար է ասել, թե նրանց մեջ ինչ ծագման կամ ինչ հայացքների տեր մարդիկ կլինեն: Այսինքն՝ վտանգ կա, մենք ուզենք, թե ոչ, ապրում ենք այս տարածաշրջանում, շփվում ենք տարածաշրջանի ժողովուրդների հետ և մեզ վրա կրում ենք տարածաշրջանի բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը: Չենք կարող խուսափել և ջայլամի քաղաքականությունով երկար շարունակել մեր գոյությունն այս տարածաշրջանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս