ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցով համայնքը պետք է դիմի ՍԴ և ՄԻԵԴ. Շուշան Դոյդոյան

8-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից 13 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ հաստատեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, որոնց հետևանքով լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն առանձնացված հատուկ վայրերում:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ լրագրողական համայնքի առաջարկը խնդրի քննարկումն է, որպեսզի տրվեն պարզաբանումներ, թե ինչից են պատգամավորները դժգոհ, ինչից են լրագրողները դժգոհ, որն է լավագույն, միջանկյալ լուծումը, որը կարող է բավարարել երկու կողմին:

«Բայց չէ, ցավոք, ընտրվեց՝ «մենք ինչպես հարմար կգտնենք, այնպես էլ կորոշենք» խիստ հայեցողական, սուբյեկտիվ տարբերակը և պարտադրվեց  ամբողջ լրագրողական համայնքին: Ես այս ոլորտում եմ 25 տարի, նման դեպք չեմ հիշում, որ գոնե ձևական առումով որևէ քննարկման, երկխոսելու առաջարկ չլինի իշխանության կողմից, և այն էլ՝ Ազգային  ժողովի կողմից, ժողովրդի ընտրյալների կողմից»,- «ԱԺ-ում սահմանափակվում է լրագրողների տեղաշարժը. ի՞նչ նոր միտումներ է կանխորոշում ԱԺ որոշումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Շուշան Դոյդոյանը:

Դոյդոյանի դիտարկմամբ՝ լրագրողն իր պարտականությունն է կատարում, երբ գնում է ԱԺ, հետևել ԱԺ աշխատանքին և դրա մասին իրազեկել հանրությանը: Ու լրագրողի համար խոչընդոտներ ստեղծելը, օրինակ, միջանցքներում հարցազրույց վերցնելը արգելելը, որևէ կերպ չի բացատրվում, ու արդյունքում՝ հասարակությունը զրկվում է առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

«Ես չեմ հասկանում բնազդային այն վախը, որ փորձում են խուսափել այս թեմայի շուրջ ամեն տեսակ քննարկումներից, երկխոսություններից: Հիմա մենք պոստֆակտում ենք քննարկում և դրա համար մեզ այլ բան չի մնում, քան խոսել  արդեն բողոքարկման որոշման մասին: Կարծում եմ՝ համայնքը պետք է միասնական որոշում կայացնի և սկսի դատական բողոքարկման գործընթաց՝ ներառյալ ՍԴ դիմելու, ներառյալ ՄԻԵԴ դիմելու, որովհետև կոնկրետ տեսնում ենք Սահմանադրության 51 և 42-րդ հոդվածների խախտման կամ հակասահմանադրության խնդիր»,- նշեց Դոյդոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս