
Էրդողանը՝ պատվաստումների և միգրանտների մասին

Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն:
Էրդողանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին ուստարվա բացումից անմիջապես հետո չպատվաստված ուսուցիչները և դասախոսները, ինչպես նաև ուսհաստատություններում սպասակողները պետք է 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ ներկայացնեն:
Վարակված չլինելու մասին վկայող թեստեր պահանջելու են նաև չպատվաստված ուսանողներից:
ՊՇՌ թեստերը պարտադիր են դառնալու թատրոն, համերգ, կինոթատրոն և նմանատիպ այլ վայրեր այցելուների համար, ովքեր պատվաստված չեն:
Նույն պարտադրանքը գործելու է նաև Թուրքիայի ներսում ուղևորափոխադրումների ժամանակ:
Աֆղանստանից արտագաղթի նոր ալիքով պայմանավորված՝ Էրդողանն անդրադարձել է նաև միգրանտների թեմային՝ նշելով. «Թուրքիան ոչ մի պարտականություն, պատասխանատվություն և պարտավորություն չունի լինել Եվրոպայում փախստականների պահեստը: Այն բանից հետո, երբ մենք մեր սահմանները փակենք և միգրանտներին իրենց տուն ճանապարհենք, նրանց գործը կլինի, թե այլ ուղիներով ուր կգնան»: