Պետական բյուջեից ավելի քան 306 մլն դրամ կհատկացվի մարզպետարաններին
Կառավարության օգոստոսի 18-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում կառավարությունը հավանություն տվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ծրագրին: Ծրագրով առաջարկվում է փոփոխություն կատարել 2021թ. պետական բյուջեում և ՀՀ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին փոխանցել ընդհանուր առմամբ 306 մլն 730.8 հազար դրամ:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ հատկացումները կատարվում են ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2020թ. շուրջ 700 սուբվենցիոն ծրագիր արժանացել է ծրագրային հայտերի գնահատման հանձնաժողովի հավանությանը, հայտերն էլ հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման նպատակով, ինչպես նաև խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
«ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 30.12.2020թ թիվ 2216-Ն որոշմամբ երկարաձգվել է 2020 թվականին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը: Ժամկետը երկարաձգվել է եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
ՀՀ 10 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 10 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:
Որոշման նախագծով առաջարկվում է 2021թ. բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 306 մլն 730.8 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: