«Սա քաղաքական հարց է. եթե այս իշխանությունը ցանկանում է երկար մնալ իշխանության, ինքը պետք է ունենա սեփական դատական համակարգը». Միհրան Պողոսյան
«Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն անձամբ ինձ այլ գործով նիստի ժամանակ հավաստիացրել է, որ Վերաքննիչ դատարանից որևէ համակարգիչ չի առգրավվել, և դա իրականում այդպես է: Ոչ միայն Վերաքննիչ քրեական դատարանում է գործերի բաշխումն իրականացվում դատարանի նախագահի մակարդակով, այլև Երևան քաղաքում գտնվող բոլոր դատարաններում: Այսինքն՝ ԱԱԾ-ն ոչ թե կոնկրետ դատարանի համակարգիչն է առգրավել, այլ այդ սերվերը, որը սպասարկում է Երևան քաղաքի տարածքում գտնվող բոլոր դատարանները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Վերջինս կարծում է, որ ինչպես նախկինում է եղել, այս պահին էլ դատական համակարգում կան անհատներ, որոնք հանդիսանում էին դատական համակարգի դրոշակակիրները:
«Կային չկողմնորոշված մարդիկ, որոնք չէին պատկերացնում դատավորի բարձր պաշտոնի առաքելությունը: Ու երբ գործերը պատահականության սկզբունքով մակագրվում էին անկախ դատավորներից որևէ մեկին, նրանք կայացնում էին էտալոնային որոշումներ: Չկողմնորոշված դատավորները, երբ տեսնում էին, որ կան մարդիկ, որոնք կարողանում են ըստ էության օբյեկտիվ որոշումներ կայացնել, և, ամենակարևորը, նրանք մեծ հաշվով իշխանության կողմից շատ մեծ ճնշումների չեն ենթարկվում, հասկանում էին, որ օբյեկտիվ որոշում կայացնելու մեջ որևէ վատ բան չկա, իրենք էլ էին փորձում այդպիսին լինել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, երբ վերացրին գործերի բաշխման նախկին համակարգը ու սկսեցին ձեռքով մակագրել, անկախ դատավորներին աստիճանաբար մեկուսացրին արդարադատություն իրականացնելուց, քանի որ նրանց նոր գործեր չեն մակագրվում, եթե մակագրվում էլ են, դրանք հնչեղություն ստացած գործեր չեն:
«Չկողմնորոշված դատավորները, որոնք ստանում են գործեր, որոնցով անկյունաքարային որոշումներ պետք է կայացնեն, չեն ուզում հայտնվել սպիտակ ագռավի դերում, վախենում են: Այսպիսով, ընդամենը մի քանի հոգու մեկուսացնում են արդարադատություն իրականացնելուց, ու դատական իշխանությունը սկսում է ծառայել իշխանության շահերին»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Փաստաբանը հավատում է այն քաղաքական ու քաղաքակրթական ճշմարտությանը, որ իշխանությունն ուզուրպացրած ցանկացած իշխանություն չի կարող դա շատ երկար պահել առանց դատական համակարգի ուզուրպացման:
«Սա քաղաքական հարց է. եթե այս իշխանությունը ցանկանում է երկար մնալ իշխանության, ինքը պետք է ունենա սեփական դատական համակարգը»,- եզրափակեց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում