
Բորելն Աֆղանստանի իրադարձությունները համարել է աղետ, որը չկարողացան կանխատեսել հետախուզությունները

Աֆղանստանի իրադարձություններն աղետ դարձան աշխարհում Արեւմուտքի նկատմամբ վստահության համար, եւ այն չկարողացան կանխատեսել արեւմտյան հետախուզությունները, օգոստոսի 19-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հանդես գալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի եւ զարգացման հարցերի կոմիտեների արտապլանային նիստում՝ նա հայտարարել է, որ իրադրության զարգացումն անսպասելի էր նաեւ իշխանության գլուխ անցած «Թալիբան» արմատական շարժման համար:
«Դա աղետ է եւ մղձավանջ աֆղան ժողովրդի եւ աշխարհում Արեւմուտքի նկատմամբ վստահության համար: Որտեղ էին մեր հետախուզությունները, որոնք չկարողացան դա կանխատեսել: Ես համոզված եմ, որ նույնիսկ «Թալիբանը» չէր կարող դա կանխատեսել»,- հայտարարել է նա:
Արեւմուտքն Աֆղանստանում վիթխարի միջոցներ է ներդրել, միայն ԱՄՆ-ն այդ երկրում օրական 300 միլիոն դոլար է ծախսել վերջին 20 տարվա ընթացքում, հայտարարել է Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: