«Բաքվի դատարանում մեր տղաների նկատմամբ դատավարությունը բեմադրություն է՝ միջազգային հանրությանը խաբելու համար». Բորիս Ավագյան
Տևական ժամանակ է, իշխանության որևէ ներկայացուցիչ չի անդրադառնում Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Նույնիսկ ութերորդ գումարման Ազգային ժողովում այս մասին որևէ խոսք չի եղել։
Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն այս խնդրի լուծումն ամբողջությամբ թողել են ռուսական կողմի վրա, թե՞ առհասարակ մոռացել են խնդրի մասին:
168.am-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխնախարար, գնդապետ Բորիս Ավագյանն անդրադառնալով բարձրացված հարցին՝ ասաց, որ հայկական կողմը հայ ռազմագերիների մասին չի մոռացել, և ինքը տեղյակ է, որ անձամբ Պաշտպանության նախարարն է այդ հարցով զբաղվում։
«Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս մենք կտեսնենք, որ այս հարցում կլինի առաջընթաց, և մեր տղաները կվերադառնան»,- նշեց Բորիս Ավագյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թվին, Բորիս Ավագյանը փոխանցեց, որ կա հաստատված թիվ, այլ հարց է, որ Ադրբեջանում կարող են լինել ՀՀ քաղաքացիներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ հաստատում չի արել, դա նշանակում է, որ նրանք առևանգված անձինք են, ռազմագերիներ չեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դատարանում դատապարտված հայ ռազմագերիներին, որոնց Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես ահաբեկիչներ, Բորիս Ավագյանն ասաց. «Բաքվի դատարանում մեր տղաների նկատմամբ դատավարությունը բեմադրություն է, որն անում է Ադրբեջանը՝ միջազգային հանրությանը խաբելու համար։ Կարծում եմ՝ իրավական գործընթացով շատ բան կարող ենք փոխել»։