Բաժիններ՝

Աֆղանստանում «Թալիբան»-ի հակառակորդները դիմել են ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ խնդրելով օգնել զենքով

Աֆղանստանում թալիբների հակառակորդները դիմել են ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին՝ խնդրելով զենք եւ ռազմական հանդերձանք մատակարարել երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժման դեմ պայքարելու համար:

«Մեզ հարկավոր է շատ զենք, շատ զինամթերք եւ շատ ռազմական հանդերձանք: Ամերիկան եւ նրա դեմոկրատական դաշնակիցները ոչ թե պարզապես աֆղանցիների հետ ընդհանուր պայքար են մղում ահաբեկչության դեմ: Մենք երկար պատմություն ունենք՝ բաղկացած ընդհանուր իդեալներից ու պայքարից: Դուք դեռեւս շատ բան կարող եք անել ազատության գործին օգնելու համար: Դուք մեր միակ հույսն եք մնացել»,- The Washington Post-ում գրել է Ահմադ Մասուդը, որը ներկայում գլխավորում է դիմադրության ուժերը թալիբների կողմից չվերահսկվող Փանջշերի նահանգում:

Նա «Հյուսիսային դաշինք»-ի ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին է, որը նույնպես հանդես էր գալիս թալիբների դեմ եւ սպանվել է «Ալ Քաիդա»-ի կողմից: Ահմադ Մասուդի խոսքով՝ իր ջոկատին են միացել նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհի ուժերը, Աֆղանստանի կանոնավոր բանակի զինվորները, «որոնք զայրացած են իրենց հրամանատարների կապիտուլյացիայից», հատուկ նշանակության աֆղանական ուժերը:

Մասուդը հայտնել է, որ իր մարտիկները որոշակի պաշարով զենք եւ զինամթերք ունեն, «որոնք մենք համբերատար հավաքել ենք իմ հոր ժամանակներից, որովհետեւ գիտեինք, որ այս օրը կարող է գալ»: Նա հավատացրել է, որ իր մարտիկները «Փանջշիրը պաշտպանելու են որպես Աֆղանստանի ազատության վերջին բաստիոն»:

«Եվ դա բավական չէ: Եթե թալիբների դաշտային հրամանատարներն սկսեն հարձակումը, նրանք, իհարկե, մեր կողմից կբախվեն վճռական դիմադրության…Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ մեր զինված ուժերը եւ նյութատեխնիկական ապահովությունը բավարար չի լինի: Դրանք արագորեն կսպառվեն, եթե Արեւմուտքի մեր բարեկամները մեզ անհապաղ ապահովելու միջոց չգտնեն»,-գրում Է նա, հավելելով, որ «Աֆղանստանի բարեկամներին «աղաչում է՝ պաշտպան կանգնել» իրենց:

Մասուդն ընդգծել Է. «Թալիբան» շարժումը միայն աֆղան ժողովրդի համար չէ, որ խնդիր է: Թալիբների հսկողության ներքո Աֆղանստանը, անկասկած, կդառնա արմատական իսլամական ահաբեկչության էպիկենտրոն. այստեղ կրկին դավադրություններ կնյութվեն ժողովրդավարության դեմ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս