Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հավակնում է ՓՊ նախագահ դառնալ
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, որը տարբեր քաղաքացիական գործերով ներկայանում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի շահերը, հայտարարել է, որ իր թեկնածությունն է դնելու Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում։ Նա ֆեյսբուքում տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Ս/թ սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու ՓՊ նախագահի ընտրությունները, ինչպես և ենթադրվում էր հիմնական թեկնածուն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ՝ Սիմոն Բաբայանն է, ով նաև վայելում է ներկայիս ՓՊ նախագահի բացահայտ աջակցությունը: Այս օրվան, այս մարդիկ պատրաստվել են ութը տարի, փակելով փաստաբանական դպրոցը մի շարք հեղինակություն ունեցող փաստաբանների առջև, որպեսզի այնպես չստացվի, որ այդ փաստաբանների ռեյտինգը ունկնդիրների մոտ աճի:
Եվ ահա, ես կանգնած եմ շեքսպիրյան հայտնի դիլեմայի առջև՝ թողնել, որ հաջորդ ութը տարին ևս ՓՊ-ում տիրեն այն բարքերը, որոնք այժմ կան, թե այս համայնքի համար տալ վերջին, վճռական պայքարը, թիրախավորելով անձս, և փորձելով շտկել այն թերությունները որոնք քննադատում եմ արդեն ութ տարի:
Ինձ համար անտանելին ոչ թե այն է, որ մի բան արեցի և չստացվեց, այլ այն, որ ես կարող էի ինչ-որ ճիշտ բան անել, բայց չարեցի:
Այս գրառմամբ հրապարկային հայտարարում եմ, որ վաղը ես առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու և փորձելում եմ իմ կոլեգաների հետ, կատարյալ սիրո մթնոլորտում խոսելու, որ տղե՛րք և աղջիկներ, եկեք զարգացնենք ՓՊ-ն, եկեք չթողնենք, որ այն դառնա նախարարություն, եկեք առաջ գնանք, եկեք չլճանանք: Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման»: