Բաժիններ՝

Ո՞ւմ թերացումն էին ՔԿՀ-ներում օրերի տարբերությամբ երկու մահվան դեպքերը

2021 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում պահվող կալանավորված անձ, 1986 թվականին ծնված Ա․ Հ․-ն, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցնելով իր հետ նույն կացարանում պահվող կալանավորված անձ, 1970 թվականին ծնված Մ․ Օ․-ի գլխին, կյանքից զրկել է վերջինիս։

Ա․ Հ․-ն, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի հուլիսի 09-ին ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և հոգեկան առողջական վիճակով պայմանավորված՝ հուլիսի 19-ին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Այս մասին տեղեկացրել էր Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը:

Թվում է` դժբախտ ելքով միջադեպի մասին սովորական հաղորդագրություն է, սակայն, մեր տեղեկություններով, այս պատմության մեջ այնքան էլ ամեն բան հարթ չէ:

Ըստ 168.am-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աղբյուրների՝ հոգեպես անառողջ անձին մեկուսի պահելու փոխարեն տարել են ընդհանուր խուց՝ առանց մանրամասն ուսումնասիրելու, արդյո՞ք կարելի էր նրան պահել ընդհանուր խցում, առավել ևս, որ սպանությունը կատարած անձի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակված։

Մեզ փոխանցեցին, որ խցում էլի մարդ է եղել, սակայն հոգեպես անառողջ կալանավորն այնպիսի կատաղության մեջ է եղել, որ զոհին ոչ մի կերպ չեն կարողացել մի կողմ տանել ու փրկել:

Դրանից օրեր անց՝ օգոստոսի 14-ին, Tert.am-ը գրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Ա. Սիմոնյանն ինքնասպանություն է գործել։

Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Ավելի ուշ պարզվեց, որ նա այդ անբարո գործողությունը կատարել էր սեփական երեխաների նկատմամբ:

Ինքնասպանություն գործել էր ՔԿՀ մուտք գործելուց օրեր անց:

Այս դեպքի պարագայում կրկին նույն խնդիրն է, ուղղակի հակառակը. նման հոդվածով կալանավորված անձին մեկուսի պահելու արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

Եվ եթե հաշվի առնենք քրեակատարողական հիմնարկների ներքին բարքերը և վերաբերմունքն այդ հոդվածով կալանավորված կամ դատապարտված անձանց նկատմամբ՝ պետք էր առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել։

Բնավ չենք ցանկանում ստանձնել նման «ծնողի» փաստաբանի գործառույթը, բայց որ թերացումներ են եղել երկու մահվան դեպքերում էլ, անհերքելի փաստ է։

Մի քանի օրվա ընթացքում մահվան 2 դեպքով էլ, բնական է, հարուցվել է քրեական գործ, բայց հուսանք, նախարար Կարեն Անդրեասյանը, լրագրողների կերպարի տակ «վարձկաններ» տեսնելուց զատ, անձամբ իր վերահսկողությամբ նաև ծառայողական քննություն կանցկացնի, որի արդյունքում շատ փաստեր ի հայտ կգան, որոնց մասին մենք առայժմ չենք բարձրաձայնի:

Եվ ընդհանրապես, իշխանությունների համար ականջահաճո հայտարարություններ կատարելուց առաջ նորանշանակ նախարարը պետք է իմանա, որ իր ղեկավարած կառույցի աքիլեսյան գարշապարը Քրեակատարողական համակարգն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս